Հայ ժողովուրդը կորցրեց սիրված բանաստեղծի, ազնիվ ու անաչառ հրապարակախոսի. ՀԳՄ

Հայ ժողովուրդը կորցրեց սիրված բանաստեղծի, ազնիվ ու անաչառ հրապարակախոսի. ՀԳՄ

Հայ գրականությունը 2014 թ. սեպտեմբերի 1-ին հերթական կորուստը կրեց. կյանքի 69-րդ տարում կյանքից հեռացավ բանաստեղծ, հրապարակախոս, 1991 թվականից ՀԳՄ անդամ Ռոմիկ Սարդարյանը:

Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Ղափան քաղաքում (այժմ՝ Կապան): 1951 թվականից տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ուսման շրջանում և հետագա տարիներին աշխատել է հանրապետական մամուլում («Ավանգարդ», «Հայ զինվոր», «Վերածնված Հայաստան»), Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում (բաժնի վարիչ, գլխավոր խմբագրի տեղակալ): Վերջին տարիներին ՀԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիրն էր: Անդամակցել է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը: Արցախյան ազատամարտի շրջանում մասնակցել է Կապան ի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը: Ռոմիկ Սարդարյանի բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում և առանձին ժողովածուներով: «Վայրկյանների երգը» (1975), «Հոգու երկիրը» (1980), «Կյանք հավելյաց» (1999), «Ջրհոսի ժամանակը» (2004) և ուրիշներ սիրվել ու գնահատվել են ընթերցողների ու մասնագետների կողմից: Նա հասցրեց տեսնել նաև վերջերս ՀԳՄ հրատարակչությամբ լույս տեսած իր ստեղծագործությունների ընտրանին՝ «Մնացած կյանքի համար» խորագրով: 2000 թվականին արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակի: Սիրված բանաստեղծի, ազնիվ ու անաչառ հրապարակախոսի, սրտացավ ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, գրչընկերների, ընթերցողների սրտերում:

ՀԳՄ վարչություն Ռոմիկ Սարդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 17.30-20.00-ն, Մալաթիա-Սեբաստիա համայնքի եկեղեցում (թաղապետարանի հետևի այգում): Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-14.00, Հայաստանի գրողների միությունում (Մարշալ Բաղրամյան 3):

Հետևեք մեզ նաև Telegram-ում