Ադրբեջանը բացահայտ սուտ է տարածում ԵԽ-ում

Ադրբեջանը բացահայտ սուտ է տարածում ԵԽ-ում

Ադրբեջանում իբր հայերի «բնակվելու» եւ հայկական եկեղեցիների «գործելու» մասին իրականությանը չհամապատասխանող եւ սուտ հայտարարություններով պաշտոնական Բաքվի կողմից միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձերը նորություն չեն: Պետական մակարդակով Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ ատելության եւ թշնամական քաղաքականություն տանող Ադրբեջանի իշխանությունները նման հայտարարություններով փորձում են միջազգային հանրությանը հավատացնել», թե ադրբեջանցիներն այնքան «հանդուրժող են», որ, չնայած ղարաբաղյան հակամարտությանը, հայերն ազատորեն կարող են բնակվել Ադրբեջանում եւ անգամ աղոթել իրենց «գործող» եկեղեցիներում:

Նման հերթական սուտ հայտարարությամբ, Եվրոպայի Խորհրդում, «Միջմշակութային երկխոսություն. փոխադարձ կապ մշակույթի եւ կրոնի միջեւ» թեմայով միջմշակութային երկխոսությանը կարծիքների փոխանակման ժամանակ ունեցած ելույթում հանդես է եկել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ներկայացուցիչ, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլըն: Նա հայտարարել է, որ իբր, «ներկայում Ադրբեջանում 30 հազար հայ է բնակվում»:

Նշելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական չէ, Գուրբանլըն ասել է, թե Ադրբեջանում «բնակվող» հայերի եկեղեցիները ադրբեջանցիները դեռեւս չեն քանդել, նրանք դեռ «մնում են», եւ որ նրանք այնտեղ «ազատորեն կարողանում են ծիսակատարություններ անցկացնել»:

Ադրբեջանում մեծ պատմական արժեք ունեցող բոլոր հայկական եկեղեցիները ադրբեջանցիները պաշտոնապես ներկայացնում են որպես «աղվանական»: Այն բնակավայրերում, որտեղ հայկական հնադարյան եկեղեցիները դեռեւս չեն ավերվել, նրանց վրա փակցված է աղվանական լինելու մասին ցուցանակ: Միակ եկեղեցին Ադրբեջանում, որ մինչ այժմ դեռեւս ներկայացվում է հայկական, Բաքվի հայկական եկեղեցին է, որը 1990-ականներին հրդեհվել էր ադրբեջանցիների կողմից, եւ այժմ գործում է որպես գրադարան:

Եվ վերջապես, ինչպե՞ս կարող է Ադրբեջանում թեկուզ մեկ հայ բնակվել, եթե այդ երկրի նախագահը հայերին իրենց գլխավոր թշնամի է հայտարարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում