40 հազար առաջին դասարանցի եւ 9 900 առաջին կուրսեցի. մեկնարկեց նոր ուսումնական տարին

40 հազար առաջին դասարանցի եւ 9 900 առաջին կուրսեցի. մեկնարկեց նոր ուսումնական տարին

Գիտելիքի, գրքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, յուրահատուկ և անմոռաց իրադարձություն է ցանկացած դպրոցականի, ուսանողի, ծնողի և մանկավարժի համար: Այսօր հանրապետության 40 հազար փոքրիկներ առաջին անգամ ոտք կդնեն դպրոց: Օրը պակաս տոնական չէ նաև այն պատանիների և երիտասարդների համար, ովքեր առաջին անգամ կբացեն բուհերի դռները: Այս տարի առաջին կուրսեցիների թիվը 9900-ից ավելի է: Ընդ որում՝ նրանցից 1316-ը կ սովորեն անվճար համակարգում:

Սեպտեմբերի 1-ի առթիվ աշակետներին և ուսանողներին շնորհավորում են ոլորտի պատասխանատուները: ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում, շնորհավորելով մանկավարժական կոլեկտիվներին, դպրոցների տնօրեններին, աշակերտներին և հատկապես առաջին դասարանցիներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ընդծեց, որ այս տարի հանրակրթական դպրոցներ ոտք կդնեն ավելի շատ առաջին դասարանցիներ:

«Այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելի է, քան նախորդ տարի. 37 հազարի փոխարեն 40 հազար է: Պատրաստ են առաջին դասարանցիների նվեր-դասագրքերը՝ այբբենարանը և մաթեմատիկայի դասագիրքը: Տարրական դասարանների երեխաները ևս կապահովվեն անվճար դասագրքերով: Նշենք, որ հրատարակվել է շուրջ 80 անուն նոր դասագիրք, որոնք կտրամադրվեն բոլոր դպրոցներին»,-նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ի առթիվ դպրոցներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: «Այսօր տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ կայցելեն դպրոցներ, վարչապետի հանձնարարությամբ՝ կառավարության անդամները ևս կլինեն դպրոցներում:Կկազմակերվեն տարատեսակ տոնական միջոցառումներ»,-հավելեց նա:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ևս շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: «Սիրելի դպրոցականներ, շնորհավորում եմ բոլորիդ մեր ազգի համար ամենակարևոր տոներից մեկի՝ Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի,նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ, որ նրանց մուտքը բարի լինի իրենց նախընտրած կրթօջախներ, և ժամանակի հոլովույթում նրանք կայանան՝ որպես ազատ,նորանկախ Հայաստանի իսկական տերեր: Բարի երթ նոր ուսումնական տարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սողոմոնյանը:

Ավելի վաղ նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Վիճակագրության համաձայն, 2012-2013 թթ. Հայաստանում գործող 1435 հանրակրթական հաստատություններ հաճախող երեխաների քանակը կազմում էր 368 708 աշակերտ: Սեպտեմբերի 1-ի առթիվ հանրապետությունում ավանդաբար կկազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ և իրադարձություններ: Միջոցառումների նպատակն է նոր ուսումնական տարվա սկիզբը տոն դարձնել դպրո­ցականների համար և ուսման նկատմամբ առա­ջաց­նել հետաքրքրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում