Ադրբեջանում Լեյլա Յունուսի դեմ ճնշումները շարունակվում են նաեւ բանտախցում

Ադրբեջանում Լեյլա Յունուսի դեմ ճնշումները շարունակվում են նաեւ բանտախցում

Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, ֆրանսիական «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսի դեմ ճնշումները շարունակվում են նաեւ բանտախցում, ինչի մասին նա նամակով տեղեկացրել է իր իրավունքների պաշտպանության կոմիտեին Բաքվի թիվ 1 քրեակատարողական հիմնարկից հղած նամակում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից, լրագրող Խադիջա Իսմայիլովան:

Նրա խոսքով,’ Յունուսի նկատմամբ ճնշում է գործադրում նրա հետ միեւնույն բանտախցում պահվող Նուրիդա Հուսեյնովան, որը նախկինում դատված է եղել բազմաթիվ անգամ:

Այդ կինը մշտապես գոռում է Յունուսի վրա եւ սպառնում ծեծել նրան: Լեյլա Յունուսը հայտնել է, որ այդ կնոջ դուստրը օպտիկայի խանութ ունի Բաքվի Ադրբեջան պողոտայում: Լ.Յունուսի հետ 12 քառ.մ մակերեսով բանտախցում պահվում է եւս 5 մարդ:

Կոմիտեի անդամները հայտարարել են, որ իրավապաշտպանին եւ կրկնահանցագործին միեւնույն բանտախցում պահելն անօրինական է:

Լեյլա Յունուսին Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 30-ին ձերբակալել են պետական դավաճանության եւ այլ հանցագործությունների մեջ մեղադրանքներով: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Լեյլա Յունուսին ճանաչել է «խղճի բանտարկյալ»:

Լեյլա Յունուսի իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Ջամիլ Հասանլին այսօր Բաքվում հայտարարել է, որ իրավապաշտպանների, հասարակական ակտվիստների եւ լրագրողների ձերբակալություններով իշխանություններն ընդդիմության նկատմամբ ճնշում են գործադրում’ օգտագործելով զրպարտություններ, ստեր եւ կեղծարարություններ: Նա ասել է, որ նման «մեղադրանքներով» երեկ ձերբակալվել է նաեւ «Ազադլըգ» թերթի թղթակից Սեյմուր Հազին:

Անդրադառնալով Նախիջեւանում իրավապաշտպան Իլգար Նասիբովի գազանային ծեծին’ Ջամիլ Հասանլին ասել է, այդ բոլորը ֆաշիստական Գերմանիայի մեթոդներ են, որոնք հրեաների դեմ կիրառվել են անցյալ դարի 30-ական թվականներին: Նա նշել է, որ Forbes հանդեսը Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված աղետալի իրավիճակը համեմատել է Հյուսիսային Կորեայում առկա բռնատիրական ռեժիմի հետ:

Ջամիլ Հասանլին հայտնել է, որ Լեյլա Յունուսի իրավունքների պաշտպանության կոմիտեն մտադիր է բարեգործական մարաթոն անցկացնել քաղբանտարկյալներին օգնություն ցուցաբերելու համար:

Ի դեպ’ Նախիջեւանում գազանային ծեծի ենթարկված Իլգար Նասիբովը բուժման նպատակով այսօր մեկնել է Թուրքիա: Սահմանն անցնելուց հետո նրան շտապ օգնության մեքենայով տարել են Վանի հիվանդանոցներից մեկը:

Իլգար Նասիբովը օգոստոսի 21-ի երեկոյան գազանային ծեծի էր ենթարկվելՈչ կառավարական կազմակերպությունների եւ ժողովրդավարության Ռեսուրսային կենտրոնում: Նրա կինը, ով եւս իրավապաշտպան է, ԶԼՄ-ներին հայտնել է, որ ամուսնուն ծեծի են ենթարկել Նախիջեւանի անվտանգության նախարարության աշխատակիցները: Տեղական եւ միջազգային դեմոկրատական հանրությունը զայրութ է հայտնել այդ դաժան ակտի առնչությամբ’ գնահատելով դա որպես իշխանությունների վրեժ’ Նախիջեւանում մարդու իրավունքների խախտումների բացահայտման համար: Նախիջեւանի իրավապահ մարմիններն անգամ քրեական գործ չեն հարուցել Նասիբովին ծանր մարմնական վնասվածք հասցրած անձանց հայտնաբերելու եւ պատժելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում