Սեպտեմբերին եղանակային փոփոխություններ են սպասվում

Սեպտեմբերին եղանակային փոփոխություններ են սպասվում

Սեպտեմբերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ու հանրապետության ողջ տարածքում կդիտվի փոփոխական եղանակ: Այսօրվանից հյուսիս-արեւմուտքից երկիր կթափանցեն ցուրտ հոսանքներ եւ ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Ջերմաստիճանը կնվազի, սակայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի գնահատմամբ’ կլինի տաք եւ նորմային մոտ պայմաններով սեպտեմբեր:

«Ջերմաստիճանային ամենակտրուկ փոփոխությունը կգրանցվի Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում: Այս մարզերում օդի ջերմաստիճանը միանգամից կնվազի 10 աստիճանով, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում կգրանցվեն կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ օգոստոսի 30-ին լրագրողներին հայտնեց Գագիկ Սուրենյանը:

Բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել Սեւանում հանգստանալ’ պետք է շտապեն: Առայժմ Սեւանա լճի ջուրը 22 աստիճան տաքության է, սակայն սեպտեմբերից կնկատվի ջերմաստիճանի անկում:

Ինչ վերաբերում է այս տարվա օգոտոսին, այն հանրապետությունում երբեւէ գրանցված ամենատաք ամիսներից է. 5 օր շարունակ օդի ջերմաստիճանը եղել է 40-ից բարձր, իսկ միջինում չի գերազանցել 38-39 աստիճանը: Օգոստոսին հանրապետության ողջ տարածքում գրանցվել է նաեւ խոնավության բարձր աստիճան, ինչի հետեւանքով շոգն ավելի անտանելի է թվացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում