Ադրբեջանն ԱՄՆ-ի դատապարտմանը պատասխանում է լրագրողների նոր ձերբակալություններով

Ադրբեջանն ԱՄՆ-ի դատապարտմանը պատասխանում է լրագրողների նոր ձերբակալություններով

Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության կողմից երեկ արված դատապարտող հայտարարությանը պաշտոնական Բաքուն պատասխանել է իրավապաշտպանների եւ լրագրողների նոր ձերբակալություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվի Ապշերոնի շրջանի ոստիկանության աշխատակիցները այսօր ձերբակալել են հայտնի ընդդիմադիր լրագրող Սեյմուր Հազիին: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Նաթիկ Ադիլովը:

Սեյմուր Հազին ներկայիս իշխանություններին սուր քննադատող ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի աշխատակից է: Նրա ձերբակալության պատճառները հայտնի չեն:

Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթն էլ հայտնում է, որ այսօր Բաքվի դատախազությունում 6 ժամ հարցաքննության է ենթարկվել «Տնտեսական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, «Ենի Մուսավաթ» կուսակցության նախագահի պաշտոնի թեկնածու Գուբադ Իբադօղլուն, ով հայտնի է որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից հորջորջվող’ «աշխարհում նմանը չունեցող զարգացում ունեցող» երկրի տնտեսության խիստ քննադատ:

Վերջին 10 օրում Ադրբեջանի իշխանությունները կալանավորել կամ դաժան ծեծի են ենթարկել 6-ից ավելի իրավապաշտպանների եւ հասարակական ակտիվիստների:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսակին դատապարտել էր իրավապաշտպան եւ լրագրող Իլգար Նասիբովին Նախիջեւանում մահացու ծեծի ենթարկելու փաստը եւ ադրբեջանական իշխանություններին կոչ արել անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել արտահայտվելու, հավաքների եւ միավորումների նման հիմնարար ազատությունները երկրում պաշտպանելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաեւը, ի պատասխան Փսակիի այդ հայտարարությանն, ասել է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն է համարում ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը’ կապված երկրում մարդու իրավունքների հետ: Նման հայտարարությունները քաղաքական ենթատեքստ ունեն, ուղղված են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն, երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում եւ չեն արտահայտում իրականությունը»:-

Հետևեք մեզ նաև Telegram-ում