«Առավոտ». ՀԱԿ-ը ցանկանում է հեղափոխություն անել, բայց ռեսուրներ չունի, իսկ ԲՀԿ-ն ռեսուրսներ ունի, հեղափոխություն չի ուզում

«Առավոտ». ՀԱԿ-ը ցանկանում է հեղափոխություն անել, բայց ռեսուրներ չունի, իսկ ԲՀԿ-ն ռեսուրսներ ունի, հեղափոխություն չի ուզում

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Որքան մոտենում է «թեժ աշունը», այնքան թեժանում են խոսակցությունները ոչ իշխանական քառյակի և դրա ներսում հնարավոր հակասությունների մասին: Որպես տարաձայնությունների կետ նշվում է վերաբերմունքը սահմանադրական փոփոխություններին: Իրականում սահմանադրության թեման այստեղ, կարծում եմ, որևէ կապ չունի:

Ուրիշ հարց, թե որքանով են Քառյակի անդամները համաձայն իրար հետ բուն իշխանափոխության հարցում: Այս հարցում, կարծում եմ, չորս կուսակցությունների ռադիկալիզմը հակառակ համեմատական է դրանց մեջ բիզնեսմենների և փողի առկայությանը: Մեր «քաղտնտեսական» համակարգն այնպիսին է, որ փողատերերը չեն կարող արմատական հեղափոխական լինել: Իհարկե, վերջին տարիներին այստեղ որոշակի տեղաշարժեր կան. եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հայտնվեին «ոչ իշխանական» բիզնեսմեններ, ապա երկրորդ նախագահը կսեղմեր բռունցքները, կլարեր վզի մկանները և ամեն ինչ կաներ՝ նրանց ոչնչացնելու համար: Բայց դա անհատական, այսպես ասած՝ բնավորությունների տարբերություն է, իսկ համակարգը մնում է նույնը, ուժային կառույցները, հարկայինը, մաքսայինը, դատարանները ծառայում են ոչ թե պետությանը, այլ իշխանությանը, սերտաճած են դրա հետ, իրականացնում են դրա կամքը: Այս պայմաններում «խոշոր բիզնեսմեն» և «իշխանավոր» բառերը գրեթե հոմանիշ են:

Ահա այստեղ է, որ պետք է փնտրել Քառյակի տարաձայնությունների արմատները՝ ասենք, ՀԱԿ-ը ցանկանում է հեղափոխություն անել, բայց դրա համար ռեսուրներ չունի, իսկ ԲՀԿ-ն ռեսուրսներ ունի, և հենց այդ պատճառով էլ հեղափոխություն չի ուզում: Առաջինը երկրորդին ցանկանում է ռադիկալացնել, կոպիտ ասած՝ «շիրա տալ», երկրորդն ուզում է առաջինին զսպել: Անհրաժեշտ է, որ 4 կուսակցությունները գան ինչ-որ «միջինացված տարբերակի» և շարունակեն իրենց համագործակցությունը: Հասարակությունը շահագրգռված է, որ դա այդպես լինի՝ ուրիշ ընդդիմություն մենք այս պահին չունենք»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում