Ադրբեջանում հայատյացությունը հասել է մշակութային ոլորտ

Ադրբեջանում հայատյացությունը հասել է մշակութային ոլորտ

Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը թափանցել է նաեւ մշակութային ոլորտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանում մշակույթի բնագավառի ներկայացուցիչները փոքր-ինչ հայտնի դառնալու համար իրենց մրցակիցներին սկսում են մեղադրել «հայ» լինելու մեջ:

Ադրբեջանական qafqazinfo.az լրատվական կայքը հայտնում է, որ Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի Այգյուն Քազիմովան հրավիրվել է Բաքվի Խազարի շրջանի ոստիկանական վարչություն’ նրա գործընկեր, երգչուհի Նաթավան Հաբիբիի բողոքի կապակցությամբ հարցաքննության:

Կայքի հետ զրույցում Նաթավան Հաբիբին հաստատել է, որ ինքը բողոք-հայց է ներկայացրել Այգյուն Քյազիմովայի դեմ: Հաբիբին մեղադրել է Քյազիմովային այն բանում, որ նա հայտարարել է, թե ինքը հայկական արմատներ ունի:

«Այո, ես Այգյուն Քյազիմովայի, Տոլիկի եւ Զորիկի դեմ դիմել եմ դատարան: Այդ անձինք պատասխան են տալու օրենքի առաջ իրենց խոսքերի համար: Այգյուն Քյազիմովան արածի համար վճարելու է իր ամբողջ կյանքում: Իմ, իբր, հայկական արմատներ ունենալու մասին առաջինը հայտարարել է Այգյուն Քյազիմովան: Ես երբեք նրան դա չեմ ների», -ասել է Հաբիբին:

Նաթավան Հաբիբիի հայկական արմատներ ունենալու մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին օրերս հայտարարել է նաեւ Զոհրաբ (Զորիկ) կոչված արվեստագետը: Նա ասել է, որ ինքը Հաբիբիի տանը «հայերեն գրքեր» է տեսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում