Բի-Բի-Սի-ն անդրադարձել է Մյանմայի վերջին հայերին

Բի-Բի-Սի-ն անդրադարձել է Մյանմայի վերջին հայերին

Մյանմայի (Բիրմա) մայրաքաղաք Յանգոնում (հայտնի է նաև Ռանգուն ձևով) գտնվող հին հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն ունի շուրջ 150 տարվա պատմություն, նախկինում այստեղ գտնված հայկական ստվար համայնքի գոյության վկայությունն է: Եկեղեցու քահանա Ջոն Ֆելիքսը, ինչպես և նրա հավատացյալները, այլևս չեն կարողանում խոսել հայերեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մյանմայի վերջին հայերի մասին հոդված է պատրաստել բրիտանական Բի-Բի-Սի-ն:

«Համաձայն եկեղեցում առկա գրությունների’ ժամանակին Բիրմայում եղել են հայկական մի քանի հարյուր ընտանիք, սակայն վերջին «լիարժեք» հայը մահացել է նախորդ տարի: Ողջ երկրում այսօր բնակվում են ոչ ավելի, քան 10 կամ 20 ընտանիք, որոնք մասամբ են հայկական, և նրանց միայն մի մասն է հաճախում եկեղեցի»,- լրատվամիջոցին պատմել է քահանան:

Մյանմայի հայերից մեկը’ 30 տարին բոլորած Ռաքել Մինուսը, ակնածանքով երգում է հայերեն, մինչդեռ խոսել այդ լեզվով չի կարողանում: Նա միաժամանակ այցելում է հայկական եկեղեցի իր հոր հետ, ով հնչեցնում է եկեղեցու զանգերը: «Իմ պապը լիարժեք հայ էր, և մեր ընտանիքի անունը գալիս է հայկական Մինոսսյան ազգանունից: Մենք կիսով չափ հայ ենք, և այս եկեղեցին ու նրան ծառայելը շատ կարևոր են մեզ համար»,- պատմել է նա:

Կիրակի օրերին եկեղեցի այցելող հայերից է նաև Փերսի Էդվարդը, ով արդեն մի քանի տասնամյակ հաճախում է եկեղեցի: Եկեղեցու քահանայի հավաստմամբ’ Էդվարդը վերջինն էր, ում հարսանիքը կատարվել էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, բայց դա այնքան շուտ է եղել, որ ոչ ոք արդեն չի հիշում հստակ տարեթիվը:

Բրիտանական գործակալությունը գրում է, որ 17-րդ դարի սկզբներին մեծ թվով հայեր, Օսմանյան կայսրությունից փախչելով, հայտնվեցին Իրանի Սպահան քաղաքում: Հետագայում նրանք այստեղից տարածվեցին լայն աշխարհագրությամբ’ Ամստերդամից մինչև Մանիլա: Արդեն 19-րդ դարի վերջերին շուրջ 1300 հայ բնակվում էր Կալկուտայում, Դաքայում և Ռանգունում:

Տարածաշրջանի ամենահեղինակավոր հյուրանոցները հիմնված են հենց հայերի կողմից: Սակայն նախորդ դարի ընթացքում հայերը, անհանգստացած լինելով երկրի տնտեսական և քաղաքական անկայունությունից, սկսեցին իրենց համար նոր տուն փնտրել այլ երկրներում’ գերազանցապես Ավստրալիայում:

Քահանա Ջոն Ֆելիքսը բրիտանական լրատվամիջոցի հետ զրույցում իր անհանգստությունն է հայտնել այն բանի հետ կապված, որ եկեղեցու տանիքին կան երեք անցք, որտեղից մշտապես անձրևաջուրը հոսում է դեպի շինության ներսը, ինչն անհրաժեշտ է վերացնել: Այդուհանդերձ, լավ պահպանված հին հայկական եկեղեցին շարունակում է լինել Յանգունի’ գաղութատիրական ժամանակաշրջանի հարուստ ճարտարապետական ժառանգության կարևոր մասը, որը մեծապես գրավում է զբոսաշրջիկներին և միջազգային հանրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում