Կառավարությունը Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար որոշ տարածքներ հայտարարեց հանրային գերակա շահ

Կառավարությունը Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար որոշ տարածքներ հայտարարեց հանրային գերակա շահ

Հայաստանի կառավարությունը հաստատեց «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում հանրապետության վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ էներգետկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ծրագրի իրա կանացման նպատակով Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի որոշ համայնքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ կճանաչվի բացառիկ’ գերակա հանրային շահ:

«Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել’ առանց նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի հենարանների տեղակայման համար անհրաժեշտ են հողատարածքներ, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում’ բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Կառավարության հիմնավորման մեջ:

Ըստ դրա՝ նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ’ գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառի սեփականատերերին, քանի որ նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները և դիտողությունները, նախագիծն անցել է տեխնիկական փորձաքննություն, որը երաշխավորում է նախագծի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական պահանջներին:

Նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:

Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի մարտի 1-ն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում