Իրաքի թուրքմենները ձերբակալել են Թուրքիայի երեք հետախույզների

Իրաքի թուրքմենները ձերբակալել են Թուրքիայի երեք հետախույզների

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքում կռվող թուրքմենները ձերբակալել են իսլամիստ երեք զինյալների, ովքեր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, այս մասին Twitter-ում գրառել է թուրք լրտեսների ձերբակալությանը մասնակցած Նիհաթ Յալնըզը: Վերջինս նշել է թուրք հետախույզների անունները’ Մահմուդ Յըլդըրըմ, Իբրահիմ Չելիք, Քազիմ Շիմշեք: Նիհաթ Յալնիզը Twitter-ում տեղադրել է նաեւ Քազիմ Շիմշեքի լուսանկարը:

Յալնըզը հայտնել է, որ թուրք լրտեսներին ձերբակալել են Ամերիլի ճակատում ընթացող մարտերի ժամանակ: Իրաքցի թուրքմենը Twitter-ում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հղած ուղերձում նշել է. «ԻԼԻՊ-ի կազմում թուրքմեններին կոտորող Մահմուդ Յըլդըրըմ անունով հետախուզության լրտեսը գլխացավանք կլինի ձեզ համար: Մենք նրա կարմիր անձնագիրը կուղարկենք Հաագայի տրիբունալ»:

Յալնըզի պնդմամբ’ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության լրտեսը խոստովանել է, որ Իրաքի բանակի վերաբերյալ Թուրքիայի «Գյոքթուրք 2» արբանյակից ստացած տեղեկությունները հայտնել են ԻԼԻՊ-ին: Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիան մեկ բարելը 30 դոլարով նավթ է գնել ԻԼԻՊ-ից եւ դրա փոխարեն նրանց տվել զենք, դեղորայք եւ սնունդ: Իրաքցի թուրքմենը նաեւ հայտնել է, որ ԱՀԿ-ի լրտեսների մոտ հայտնաբերել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի բջջային հեռախոսահամարը:

Յըլդըրըմի ձերբակալությունից մեկ օր հետո Յալնըզը Twitter-ում գրել է. «Ամերիլում ԻԼԻՊ-ի կազմում վիրավոր վիճակում ձերբակալեցինք ԱՀԿ-ի երկրորդ լրտեսին’ Իբրահիմ Չելիքին: Սա եւս ԻԼԻՊ-ի կազմում մեր ձերբակալած ԱՀԿ-ի լրտես Քազիմ Շիշեքի պես տիրապետում է արաբերենին, քրդերեին եւ անգլերենին: Նրանց Իրաք են ուղարկվել ԱՀԿ-ի լրտեսներին հանձնարարություններ տալու համար»:

Այս իրադարձությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Թուրքիան աջակցում է ԻԼԻՊ-ի իսլամիստ ահաբեկիչներին: Ստացվում է, որ իր հետախույզների միջոցով աջակցություն ցուցաբերելով ԻԼԻՊ-ի զինյալներին, Թուրքիան օգնում է կոտորել իր արյունակից թուրքմեններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում