Իրանում խփված անօդաչու ինքնաթիռը օդ է բարձրացել Ադրբեջանից. իտալացի լրագրող

Իրանում խփված անօդաչու ինքնաթիռը օդ է բարձրացել Ադրբեջանից. իտալացի լրագրող

Իտալացի լրագրող Դեւիդ Սենսոտտին, ով Իտալիայի օդուժի ռազմական օդագնացության բաժանմունքի նախկին լեյտենանտ է, իր The Aviatonist բլոգում հայտնել է, որ օգոստոսի 25-ին Իրանի տարածքում խփված «Hermes 450» տիպի անօդաչու սարքը օդ է բարձրացել Ադրբեջանի տարածքից:

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի աէրոկոսմիկական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ալի Հաջիզադեն օգոստոսի 25-ին անցկացրած մամուլի ասուլիսում ցուցադրել էր խփված անօդաչու ինքնաթիռի մասերը եւ հայտնել, որ «Hermes 450»-ը արտադրվել է Իսրայելում: Իրանցի գեներալը Իսրայելին մեղադրել էր Իրանի միջուկային օբյեկտների դեմ հետախուզական գործունեություն իրագործելու մեջ: Իսրայելի Canal 19 հեռուստաալիքն անմիջապես հայտնել էր, որ թեեւ ինքնաթիռները արտադրվել են Իսրայելում, դրանք վաճառվել են Իրանի հարեւաններ Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանին ե ւ այլ պետությունների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իտալացի լրագրողը նշել է, որ Իրանում խփված ինքնաթիռի տեսքը հիշեցնում է 2011 թվականին Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի կողմից ոչնչացված անհայտ անօդաչու հետախուզական ինքնաթիռին: Սենսոտտին իր բլոգում գրել է, որ թեեւ Բաքուն հերքել էր, թե Ղարաբաղում խփված ինքնաթիռն իրեն չի պատկանում, սակայն, հայերի կողմից լավ վիճակում ձեռք բերված այդ ադրբեջանական ինքնաթիռը ցուցադրվեց Երեւանում անցկացված ռազմական զորահանդեսում: «Իրանում խփված ինքնաթիռը միջին հեռահարության մարտավարական անօդաչու սարք է: Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, այն արձակվել է Ադրբեջանից եւ խփվել իրանական ուժերի կողմից»,-նշել է նա: Իրանի դեմ Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքը հետախուզական նպատակներով օգտագործելու մասին տեղեկություններ հաճախ են հայտնվում միջազգային մամուլում: Պաշտոնական Բաքուն կտրականապես հերքում է այդ լուրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում