Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականները իրենց համեմատում են 1915 թվականի հայերի հետ

Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականները իրենց համեմատում են 1915 թվականի հայերի հետ

Սիրիայում ընթացող պատերազմական իրադրության հետևանքով Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների մի մասը բնակվում է նախկին հայկական բնակավայրերում: Այդպիսի շրջաններից է Այնթապի Շահինբեյ գավառի Թեփեբաշը թաղամասը, որի Քուրթուլուշ անունը կրող մզկիթը նախկինում եղել է Մարիամ Աստվածածին հայկական տաճարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես »-ը, «Ակոս» պարբերականը գրում է, որ մի ժամանակ հարուստ հայկական ընտանիքների կողմից բնակեցված տներում այսօր սիրիացի փախստականները բնակվում են գորգերով փակված պատուհաններով և դռներով:

Սելամի ընտանիքը սիրիացի փախստական ընտանիքներից մեկն է: Ընտանիքի անդամները վախենում են լուսանկարվել, ի ցույց դնել իրենց ինքնությունը, միայն թույլ են տալիս, որպեսզի երեք երեխաները ժպտան ֆոտոխցիկի առաջ: Տան ավագ երկու երեխաներն էլ աշխատանքի են: Հայերի պատմությունն այս ընտանիքին խորթ չէ: Սելամի ընտանիքի հայրը’Հոսսամը, հայերի մասին պատմում է. «Երբ նրանք եկան մեր երկիր, նույն այն վիճակում էին, ինչ մենք հիմա: Այսօր մենք էլ այլևս ոչինչ չունենք: Պատերազմը մեզնից ամեն բան խլեց-տարավ’ այնպես, ինչպես հարյուր տարի առաջ տեղի ունեցավ հայերի հետ: Սա էլ մեր 1915 թվականն է»:

Սիրիացիների ընտանիքի ամենամեծ վախն այն է, որ հակասիրիական տրամադրությունները կարող են աճել և վերածվել ջարդերի: Հոսսամի կինը’ Շերիֆեն, ցավով հայտնում է, որ իրենք մշտապես ենթարկվում են խտրականության, վիրավորանքների: «Մեր միակ ցանկությունը ողջ մնալն է»,- վշտով նշել է Շերիֆեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում