Արմեն Աշոտյանն իր՝ Հովիկ Աբրահամյանի հետ վատ հարաբերությունների և Տիգրան Սարգսյանի կադրը լինելու մասին

Արմեն Աշոտյանն իր՝ Հովիկ Աբրահամյանի հետ վատ հարաբերությունների և Տիգրան Սարգսյանի կադրը լինելու մասին

Հայաստանի Հանրապետություն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հումորով ու բառախաղով է պատասխանում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ վատ հարաբերություններ ունենալու մասին իրեն ուղղվող հարցերին: Օգոստոսի 27-ին տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում Աշոտյանը, պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ հաճելի է 8-րդ անգամ լսել մի բան, որ իրականությանը չի համապատասխանել ի սկզբանե: «Ես Տիգրան Սարգսյանի կադրերից չեմ, այլ Հանրապետական կուսակցության կադրն եմ: Այս կուսակցության կադրերն են բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում են պետական համակարգում: Չկա Հովիկ Աբրահամյանի կադր, չկա Տիգրան Սարգսյանի կադր: Եթե շատ եք ցանկանում անվանարկել կադրերին, ապա բոլորը Սերժ Սարգսյանի կադրերն են. կամ այդպիսին են, կամ այդպիսին պետք է լինեն: Եթե շատ եք ուզում անունով կադր ձևակերպել, ապա ոչ տիգրանսարգսյանական կադր եմ, ոչ էլ հովիկաբրահամյանական կադր եմ: Ես սերժսարգսյանական կադր եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ ինքը և ներկայիս վարչապետը վատ հարաբերություններ չեն ունեցել և չունեն: «Ես ու վարչապետը այդ հաճույքը ձեզ չենք պատճառել, չենք պատճառում և չենք պատճառելու: Մենք ունենք հրաշալի անձնական, սերտ աշխատանքային և ջերմ քաղաքական հարաբերություններ»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում