Կիջեցնի՞ արդյոք «Զվարթնոցը» սպասարկման սակագները

Կիջեցնի՞ արդյոք «Զվարթնոցը» սպասարկման սակագները

2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 35 տոկոսով: Այս մասին նշված է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության կողմից վերջերս տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Համաձայն փաստաթղթի, չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 34 տոկոս: 2014թ. հուլիսին կատարվել է 2208 չվերթ’ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1652 չվերթի համեմատ: Եթե 2013թ հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 179 620 ուղևոր, ապա 2014թ հուլիսի ցուցանիշը կազմում է 242 098 ուղևոր:

Թվերի նման վիճակագրությունն, իհարկե, ուրախալի է: Սակայն չնայած այն հանգամանքին, որ «Զվարթնոցից» թռչող և Հայաստան վերադարձող ուղևորների թվի աճ է եղել, այնուամենայնիվ փաստ է, որ մեր շատ հայրենակիցներ նախընտրում են այս կամ այն ուղղությամբ ճամփորդելու համար մեկնել Թբիլիսի և օգտվել հարևան երկրի օդանավակայանի ծառայություններից: Պատճառը պարզ է. Վրաստանից այլ երկրներ մեկնելու ավիատոմսերի արժեքը շատ ավելի էժան է, քան այստեղ:

Ավիափոխադրող ընկերությունները միաբերան պնդում են, որ թանկ տոմսերի պատճառներից մեկն էլ «Զվարթնոց» օդանավակայանի՝ ավիաընկերությունների սպասարկելու բարձր սակագներն են: Ժամանակին Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն անգամ կարծիք է հայտնել, թե «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող բարձր սակագներն անդրադարձել են «Արմավիայի» սնանկացման վրա:

Օդանավակայանից նման մեղադրանքները, բնականաբար, հերքվել են: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունն իր սահմանած գները պայմանավորում էր մատուցող ծառայությունների որակով և այդ ծառայություններից օգտվողների փոքր քանակով: Տարբեր ժամանակահատվածներում մեկնաբանություններ էին հնչում, որ «Զվարթնոցը» կարող է վերանայել իր գնային քաղաքականությունը, եթե օդանավակայանի ծառայություններից օգտվող ավիաընկերությունների և ուղևորների քանակը մեծանա: Եվ հիմա, երբ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը նման վիճակագրություն է հրապարակում, Times.am-ը փորձեց ճշտել, թե որքանո՞վ են նվազել օդանավակայանի ծառայությունների սակագները:

Մեր հարցին ի պատասխան «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Գևորգ Աբրահամյանը նշեց, որ վարձավճարները սահմանվում է պետության հետ համատեղ, այլ ոչ թե միակողմանի: Գևորգ Աբրահամյանը խոստացավ սպասարկման վարձավճարների հետ կապված տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ:

Times.am-ը, իհարկե, կհրապարակի Գ. Աբրահամյանի տրամադրած տեղեկությունները: Մեր նույն հարցին ավելի ուշ պատասխանելու խոստում ունենք նաև Քաղավիացիայի գլխավոր վարչությունից: Պատասխանը ստանալուն պես, մենք այն նույնպես կհրապարակենք: Իսկ մինչ այդ մնում է փաստել, որ երկրի համար այդքան կարևոր նշանակություն ունեցող ոլորտը, ինչպիսն է ավիափոխադրումները, դեռև շարունակում է սնել նաև հարևան Վրաստանի բյուջեն: Մինչդեռ ՀՀ Կառավարության կողմից ընդունված Բաց երկնքի քաղաքականությունը, կարծես, կոչված էր Հայաստանը տարածաշրջանի ավիաբիզնեսի առաջատար դարձնելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում