Օձունը բացեց իր «գանձարանը» հյուրերի առաջ

Օձունը բացեց  իր «գանձարանը»  հյուրերի առաջ

Դեբեդ գետի հովտում’ բարձրադիր սարահարթի վրա է սփռված Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկը Օձունը, որտեղ էլ 2014թ. Օգոստոսի 24-ին կայացավ «Օձունի գանձերը» ամենամյա միջհամայնքային փառատոնը:

Լոռվա բնությունն իսկապես շռայլ է գտնվել այս բնակավայրի նկատմամբ և Օձունի ու շրջակա 7 և 5 հյուր գյուղերի (Հագվի, Ծաթեր, Այգեհատ, Արևածագ, Մղարթ, Կարմիր Աղեկ, Արդվի և Չինարի, Բերքաբեր, Այրում, Լճկաձոր, Փանիկ ) բնակիչները շտապել էին իրենց տաղավարները զարդարել բնության բարիքներով և իրենց արդար վաստակի և ջանասեր աշխատանքի արգասիքներով:

Նման փառատոն Օձունում կազմակերպվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Այս տարվա կազմակերպիչներն են «Կնդարար» կոոպերատիվը՝ G2iA (Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում) ֆրանսիական կազմակերպությունը , Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնը, որոնց ներկայացուցիչները Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանի, Լոռու փոխմարզպետի և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ հանդես եկան միջոցառման բացման արարողության ժամանակ:

Ինչպես իր ելույթում նշեց G2iA-ի հայաստանյան ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանը.

«Ի սկզբանե, G2iA-ի հայաստանյան ներկայացուցչությունը հանդիսացել է Օձունի, հարևան 7 համայնքների, 6 հյուր գյուղերի և պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող փառատոնի նախաձեռնողն ու իրականացնողը: Փառատոնի արդյունքում ստեղծվել է վայրի բուսաթեյերի արտադրությամբ զբաղվող գյուղացիների «Կնդարար» միավորումը, որին այս տարվանից սկսած փոխանցվել է փառատոնի կազմակերպման ջահը: Փառատոնի նպատակն է միավորել գյուղացիներին, որպեսզի հասկանան, որ իրենց արտադրությունն ու համատեղ աշխատանքը արժեքավոր է նրանով, որ այն օգուտ կբերի իրենց ընտանիքներին ու համայնքներին: Մեր կազմակերպությունը փառատոնը կազմակերպել է Հայաստանում գյուղատնտեսության ու տարածքային զարգացման ընդլայնված ծրագրի շրջանակներում, որը այս պահին ներառում է 13 գյուղ և խմբավորում է արդեն ստեղծված ու ստեղծվելիք չորս կոոպերատիվներ»:

Բացի գյուղմթերքի ներկայացում-վաճառքից փառատոնը ներառում էր նաև ժամանցային մաս, որտեղ ելույթներով հանդես եկան ոչ միայն տեղական համույթներն ու կատարողները, այլև

«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը, որը ներկաներին սովորեցրեց հայկական պարեր: Իսկ ազգագրագետ Սոնա Պապիկյանը սովորեցրեց հյուսել խաչափնջեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում