Համբուրգում շնորհակալություն են հայտնում հայերին

Համբուրգում շնորհակալություն են հայտնում հայերին

Քաղաքը, որն այլեւս գոյություն չունի, նշում է իր 350 ամյակը: Գերմանական Ալթոնան այժմ միայն Համբուրգի թաղամասերից մեկն է, սակայն հարուստ իր պատմական անցյալով: 1964 թի այս օրը’ օգոստոսի 23-ին, դանիացի թագավոր Ֆրիդրիխ Երրորդը Ադլոնան հռչակեց որպես քաղաք, հետագայում այն մտել է Համբուրգի քաղաքային ծրագրի մեջ:

Այստեղ է ստեղծագործել նաեւ Բարոկոյի դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, կապելմայստեր Գեորգ Ֆիլիպ Թելեմաննը (1681- 1767): Նա թողել է հսկայական երաժշտական ժառանգություն’ շուրջ 3600 ստեղծագործությամբ:

Դրանով է պայմանավորված, որ այսօրվա տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց Համբուրգի գլխավոր տաճարում Թելեմաննի «Jubelmusik» ստեղծագործության կատարմամբ’ հատուկ գրված Ալթոնա քաղաքի տոնակատարության համար դեռ հարյուրամյակներ առաջ:

Հենց այս ստեղծագործության ձեռագրի պահպանման համար են գերմանացիներն այսօր իրնեց երախտիքի խոսքը հայտնում հայերին:

 

Գերմանիայում ՀՀ փոխդեսպան Աշոտ Սմբատյանը պատվավոր հյուրերի շարքում ընդունում է շնորհավորանքներ ու շնորհակալություններ:

Թելեմաննի այս ստեղծագործության ձեռագիրը երկրորդ համաշխարհային պատերարամզի հետեւանով կորել է Գերմանիայից եւ երկար ժամանակ համարվում էր անհետացած: Սակայն ձեռագիրը ինչ-ինչ ճանապարհներով հասել Հայաստան եւ պահվել Գիտությունների ազգային ակադեմիայում: 1998 թ.-ին ՀՀ կառավարությունը այն վերադարձրել է Գերմանիային:

Համբուրգի եւ առհասարակ գերմանական մշակույթի համար նշանակալի ձեռագրի պահպանման համար գերմանացիները շնորհակալություն են հայտնում Ակադեմիայի այն աշխատակիցներին, ովքեր այսքան տարիների ընթացքում 
հոգ են տարել ձեռագրի մասին: Այդ առիթով Գիտությունների ակադեմիայի գրադարանավար Նունե Շահումյանը եւս ներկա էր միջոցառմանը:

ՀՀ փոխդեսպան Աշոտ Սմբատյանն իր ելույթում ներկաների ուշադրությունը գրավեց այն հանգամանքի վրա, որ հայ ժողովուրդը իր մաշկի վրա է զգացել եւ մինչեւ օրս էլ զգում է, թե ինչ է նշանակում կորսված մշակութային հուշարձաններ, այդ թվում եւ ձեռագրեր, ունենալը:

«Այս տարի լրանում է առաջին աշխարհամարտի հարյուրամյակը: Ահա այդ պատերազմի ստվերի ներքո հայ ժողովուրդը կրեց դարի տառապանքը’ ենթարկվելով ցեղասպանության, ինչի վերքերը դեռ շատ խորն են: Մարդկային անմեղ զոհերից բացի, հայ ժողովուրդը կորցրեց իմ մշակութային ու հոգեւոր ժառանգության մի զգալի մասը», – նշեց Սմբատյանը:

Ըստ նրա’ մշակութային արժեքները պետք է վերադարձվեն եւ գտնեն իրենց տեղը, որտեղից որ կյանք են առել: Սմբատյանը հույս հայտնեց, որ այս միջողցառումը առիթ կհանդիսանա, որպեսզի այլ ժողովուրդներ ու պետություններ եւս խորհեն հարցի շուրջ:

Տիգրան Պետրոսյան, Համբուրգ

Հետևեք մեզ նաև Telegram-ում