ՀՀ Նախագահը Մաքսային միությանը անդամակցելու գործընթացի մասին

ՀՀ Նախագահը Մաքսային միությանը անդամակցելու գործընթացի մասին

Օգոստոսի 23-ին «Բազե» հավաքի լրագրողների ջոկատի անդամների հետ հանդիպմանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Մաքսային միությանը անդամակցելու գործընթացին։

Լրագրողների այն հարցին, թե տեղի՞ն են այն տպավորությունները, թե այնքան էլ ուրախ չեն մեզ տեսնել Մաքսային միության կազմում, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ինչ-որ առումով համաձայն է այդ կարծիքներին ու մանրամասնել. «Մաքսային միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երևի թե բոլորը ուրախ չեն: Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ Մաքսային միության բոլոր անդամները չեն ցանկանում: Եթե չցանկանային, ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա, և այն առաջ չէր շարժվի»:

Նախագահը Մաքսային միության անդամակցության գործընթացներն ու դրանց հասցեին հնչող քննադատությունները բնական է համարել և նշել, թե «սա մեր երկրի կարևոր շրջափուլերից մեկն է»:
Այնուհետև օրինակ բերելով ՀՀ Անկախության հռչակագիրը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ շատերը ժամանակին դրա նկատմամբ էլ կասկածներ ունեին. «Քսանչորս տարի է անցել. չնայած բարդություններին և դժվարություններին’ մեր երկրի ընթացքը հաստատուն է»,- ամփոփել է ՀՀ Նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում