UTair ավիաընկերությունն ու «Չեխական ավիաուղիները» դադարեցնում են թռիչքները Երևան

UTair ավիաընկերությունն ու «Չեխական ավիաուղիները» դադարեցնում են թռիչքները Երևան

Ռուսաստանյան խոշորագույն ավիաընկերություններից մեկը’ UTair-ը դադարեցնում է դեպի Երևան իրականացվող մի քանի չվերթ։ Ըստ Times.am-ի տեղեկությունների, սեպտեմբերի 1-ից ընկերությունը կդադարեցնի մասնավորապես Սոչի-Երևան, Մինվոդի-Երևան, Կրասնոդար-Երևան և Ռոստով-Երևան ուղղությունների սպասարկումը։ Ընդհանուր առմամբ շաբաթական 16 չվերթ (ամսեկան ավելի, քան 65 չվերթ)։

Մեր թղթակցի հետ զրույցում UTair ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության կոմերցիոն տնօրեն Անդրանիկ Վանցյանը մասնակի հաստատեց վերոնշյալ տեղեկատվությունը։ Նրա խոսքերի համաձայն, այս պահին հստակ է, որ սեպտեմբերից կդադարեցվեն միայն Սոչի-Երևան և Մինվոդի-Երևան չվերթները։ «Մենք արդեն տեղեկացրել ենք գործակալներին, որ այս ուղղություններն այլևս չեն գործելու։ Ինչ վերաբերվում է մյուս երկու չվերթներին, ապա այդ հարցը դեռևս վերջնական հստակեցված չէ։ Ամենայն հավանականությամբ Կրասնոդար-Երևան ուղղությունը կպահպանվի։ Հնարավոր է, մեկ-երկու ամիս այդ ուղղությամբ չթռչենք, բայց UTair-ում տրամադրված են այդ չվերթը պահելուն։ Բոլոր դեպքերում, առաջիկա մի քանի օրերում ամեն ինչ կհստակեցվի և մենք կտեղեկացնենք հասարակությանը»։

Times.am-ի այն հարցին, թե ո՞րն է չվերթների դադարեցման պատճառը, Վանցյանը պատասխանեց. «UTair-ում այժմ հակաճգնաժամային խումբ է գործում, որի առաջարկով բոլոր ոչ եկամտաբեր ուղղությունների սպասարկումը դադարեցվում է։ Հարցը միայն Հայաստանին չի վերաբերվում։ Ուսումնասիրվում են բոլոր ուղղությունները և այնտեղ, որտեղ ավիաընկերությունը վնասներ է կրում, դադարեցվելու են թռիչքները։ Ի դեպ նշեմ, որ Մոսկվա-Երևան ուղղությունը շարունակվելու է սպասարկվել նախկինի պես։»։

Նշենք, որ Երևան թռչող բոլոր այն ուղղություններում, որոնք UTair-ը որոշել է փակել կամ քննարկում է նման հնարավորություն, ավիաընկերությունը տոմսերը վաճառում էր խիստ ցածր գներով։ Այսպես’ Սոչիից, Կրասնոդարից և Մինվոդիից Երևան միակողմանի թռիչքի համար տոմսն առաջարկվում էր 38 եվրոյով։ Ռոստովից տոմսն արժեր շուրջ 48 եվրո։ Times.am-ի այն հարցին, թե արդյո՞ք այս գները ձեռնտու չէին UTair-ին, ընկերության կոմերցիոն տնօրենը կարճ պատասխանեց. «միանշանակ ոչ»։

Նշենք, հիշատակված ուղղությունների դադարեցումն անակնկալ էր ուղևորների համար։ Վանցյանի խոսքերի համաձայն, ընկերությունն այս պահին ուղևորների հետ քննարկում է փոխհատուցելու կամ այլ չվերթներ առաջարկելու հնարավորությունը։ «Մարդկանց դուրսը չենք թողնի։ Կփորձենք Մոսկվայով կամ այլ ավիաուղիներով տարբերակներ առաջարկել։ Եթե չցանկանան, գումարը կվերադարձվի։ Մենք արդեն զգուշացրել ենք բոլոր գործակալներին, նրանք կապվում են տոմս գնած ուղևորների հետ», – վստահեցրեց UTair-ի հայաստատնյան գրասենյակի կոմերցիոն տնօրենը։

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի հոկտեմբերից դեպի Երևան չվերթներ չի իրականացնի նաև մեկ այլ խոշոր ավիափոխադրող’ «Չեխական ավիաուղիները»։ Մինչ այդ էլ հայկական շուկան լքել են «British Airways»-ը և «Air Baltic»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում