Բաքվում պղծել են նահատակների գերեզմանը

Բաքվում պղծել են նահատակների գերեզմանը

Բաքվում այս գիշեր պղծել են Նահատակների ծառուղում Իլհամ եւ Ֆարիզա Ալլահվերդիևների գերեզմանը, որը հանդիսանում է «ադրբեջանական սիրո և հավատարմության խորհրդանիշը»: Գերեզմանաքարի վրա քանդակված նրանց դիմապատկերներն աղտոտել են արտաթորանքով: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az կայքը’ հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

Տարածքը ոստիկանությունը հսկում է մինչև գիշերվա ժամը 2-ը: Միջադեպը տեղի է ունեցել ուշ երեկոյան մոտ ժամը 22:30-ին: «Հունվարի 20» հասարակական միության աշխատակից Գուդրաթ Հուջաթովը ANS PRESS-ին հերքել է միջադեպի մասին լուրը, սակայն, երբ թղթակիցը նրան ցույց է տվել նահատակների  աղտոտված գերեզմանաքարի լուսանկարը, հաստատել է փաստը եւ նշել, որ իրենք արդեն մաքրել են այն: Թղթակիցը պարզել է, որ միջադեպից տեղյակ չեն նաև տարածքը վերահսկող ոստիկանները:

Նշվում է, որ Իլհամ Ալլահվերդիևը զոհվել է Բաքվում 1990 թվականի հունվարյան դեպքերի ժամանակ: Այն ժամանակ հայկական ջարդերի պատճառով ԽՍՀՄ ղեկավարությունը զորք էր մտցրել Բաքու, ինչին փորձել են դիմադրել հայերի սպանությամբ և նրանց ունեցվածքի թալանով զբաղված ազգայնականնները: Իսկ Ֆարիդան քացախաթթու խմելով ինքնասպանություն է գործել’ չդիմանալով ամուսնու անժամանակ մահվանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում