Էրդողանի` Դավութօղլուի առաջ դրած գաղտնի պայմանը

Էրդողանի` Դավութօղլուի առաջ դրած գաղտնի պայմանը

Թուրքիայում կարծիք է շրջանառվում, որ երկրի նախկին վարչապետ, նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ըննդիմությունից առավել վախենում է արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ըստ այդ կարծիքի’ Էրդողանը, ով պատրաստվում է Թուրքիան դարձնել նախագահական կառավարման համակարգով երկիր, ընդդիմությունից չի վախենում այն պարզ պատճառով, որ իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վերջին 9 ընտրություններում անընդմեջ հաղթանակ է տարել:

Նշվում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին Թուրքիայի վարչապետի պաշտոնում առաջադրելուց հետո Էրդողանը նրան գաղտնի հանձնարարել է խիստ պայքար տանել «զուգահեռ կառույցի» (գյուլենականների) դեմ:

Թուրքիայում շրջանառվում է նաեւ այն կարծիքը, որ եթե Դավութօղլուն որպես վարչապետ չկարողանա իր 12 տարվա «շեֆի» նման կոշտ եւ անողոք պայքար տանել գյուլենականների դեմ եւ այդ հարցում թուլություն ցուցաբերի, ապա Էրդողանը վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի ուրիշով:

Դա է պատճառը, որ Թուրքիայի նորանշանակ վարչապետ Դավութօղլուն երեկ հանդես է եկել վերջին շրջանում ԱԶԿ-ի կառավարության հոտ լուրջ թշնամության մեջ գտնվող Ֆաթուլլահ Գյուլենի դեմ իր առաջին խիստ հայտարարությամբ: «Ովքեր «զուգահեռ կառույցի» կամ այլ անվան տակ փորձեն խանգարել մեր շարժմանը, ԱԶԿ-ն նրանց դեմ կկանգնի որպես լեռ», -հայտարարել է Դավութօղլուն:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայում 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցիկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, ինչի պատճառով էլ նա ստիպված է եղել տեղափոխվել ԱՄՆ եւ բնակություն հաստատել Փենսիլվանիայի նահանգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում