Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը առաջնագծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով դիմում է սադրանքների. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը առաջնագծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով դիմում է սադրանքների. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմն օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծի տարբեր հատվածներում: Հայ-ադրբեջանական պետական սահմանա գոտում օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 48 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց:

Եվ ՀՀ ԶՈւ, և ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում’ վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

«Ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումները հերթական անգամ վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով, կամ’ ադրբեջանական զինված ուժերի’ սահմանագոտում տեղակայված ստորաբաժանումները չեն ենթարկվում կենտրոնական հրամանատարությանը, զբաղված են ինքնագործունեությամբ և հաշվետու չեն հրամանատարությանը սպառած ռազմամթերքի համար, եթե, իհարկե, նման հաշվարկներ Ադրբեջանի զինված ուժերում ընդհանրապես տարվում են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»,-ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում