«Սա յուրացում չի, այլ խախտում, իսկ չի սխալվում նա, ով չի աշխատում». Նարինե Աղաբալյանը՝ ՎՊ-ի արձանագրումների վերաբերյալ

«Սա  յուրացում չի, այլ  խախտում, իսկ չի սխալվում  նա, ով չի աշխատում». Նարինե Աղաբալյանը՝ ՎՊ-ի արձանագրումների վերաբերյալ

ԼՂՀ Գանձասարի վանական համալիրում կբացվի հայկական հնագույն ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի մասնաճյուղը: Այս մասին Երևանից Ստեփանակերտ մեկնած լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նախարարը նշեց, որ Գանձասարում ձեռագրերի պահպանման համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, որում համոզվել է Մատենադարանի նոր մասնաշենքի նախագծի հեղինակ Արթուր Մեսչյանը:

 «Մատենադարանից կփոխանցվեն այն ձեռագրերի կրկնօրինակները, որոնք պահպանվել են Ղարաբաղում և ժամանակին փոխանցվել Հնագույն ձեռագրերի ինստիտուտին: Կփոխանցվեն նաև բնօրինակ ձեռագրեր»,-ասաց Նարինե Աղաբալյանը:

Խոսելով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Շուշի տեղափոխվելուց հետո կատարված աշխատանքներից, նախարարը նշեց, որ քաղաքում երեք թանգարան է բացվել՝ Կերպարվեստի, Գորգերի և Երկրաբանական: Ի դեպ, Երկրաբանական թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 1-ին:

«Շուշին տարածաշրջանում հայկական մշակութային կենտրոն է եղել: Ուստի նախարարության տեղափոխումը հայ մշակութային քաղաքի երբեմնի կարգավիճակի վերականգնման առումով ռազմավարական նշանակություն ունի»,-շեշտեց արցախցի պաշտոնյան, այնուհետ անցավ առավել առարկայական շեշտադրումների.

«Շուշիում բացվել է գորգերի թանգարանը, որը թեև իրենից մասնավոր հավաքածու է ներկայացնում, սակայն գործում է պետական աջակցությամբ: Այստեղ շատ լավ հիմքի վրա է դրվել պետություն-մասնավոր համագործակցությունը: Արցախի պատմաերկրագիտական թանգարանում մենք անընդհատ համալրում ենք մեր գորգերի հավաքածուն և պատրաստվում ենք նաև գիտական ուսումնասիրություններ հրատարակել արցախյան գորգերի վերաբերյալ: Դա արվում է գորգագործության վերականգմանը զուգընթաց: Այսինքն՝ գործում ենք տարբեր ուղղություններով: Մի կողմից՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի Արցախում գորգագործությունը վերականգնվի, մյուս կողմից մշակույթի նախարարությունը փորձում է վերականգնել գորգագործության ավանդույթները, որովհետև արցախյան գորգերն ունեն առանձնահատկություններ, և մենք պետք է փորձենք դրանք վերականգնել ու պահպանել: Բացի այս, արցախյան գորգարվեստի մրցույթ է հայտարարվել, որպեսզի ճանաչելի դարձվի արցախյան գորգը, քանի որ բնակիչներից շատերը չեն էլ ճանաչում, թե որն է արցախյան գորգը: Առաջին հերթին այն պետք է ճանաչելի լինի արցախցիների և առհասարակ հայերի համար: Այս մրցույթի շրջանակներում պայման ենք դրել, որպեսզի անպայման ստեղծվի  արցախյան գորգերի կրկնապատկեր: Մոտակա օրերին մենք կամփոփենք արդյունքները»,- ասաց Աղաբալյանը:

Անդրադառնալով մեկ այլ՝ Տոհմածառի մրցույթին,  Աղաբալյանը նկատեց, որ այն առավել քան կարևոր է, քանի որ շատ ենք կտրվել մեր արմատներից.

«Եթե հարցնեք, թերևս, քչերը կարող են հիշել իրենց տատ ու պապի ծնողների անուն ազգանունները կամ որևէ տվյալ: Դրա համար մենք մտածել ենք իրականացնել այս ծրագիրը, որպեսզի մատաղ սերնդի ուշադրությունը հրավիրենք իրենց նախնիների վրա և այս մրցույթի միջոցով փորձենք վերականգնել այդ կապը: Պայման է դրվել 150 տարվա կտրվածքով ներկայացնել սեփական տոհմածառը»:

Ըստ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի՝ մշակութային քաղաքականությունը երկու հիմնական ուղղություն ունի՝ մշակութային ինքնության վերականգնում ու պահպանում, երկրորդ՝ մշակույթի միջոցով ճանաչելի դարձնել Արցախն աշխարհին: Ի տարբերություն ՀՀ-ի, այստեղ ոչ մի հնություն, հին շինություն չի ոչնչացվում:

Այս համատեքստում Times.am-ը փորձեց արցախցի պաշտոնյայից ՀՀ գործընկերոջ վարած քաղաքականության շուրջ մեկնաբանություն ստանալ, ինչը ճիշտ չհամարվեց, փոխարենը նշվեց, որ երկու նախարարությունների միջև սերտ համագործակցություն կա, որն ամրագրված է համաձայնագրով:

«Մշակվել է համատեղ միջոցառումների ծրագիր 2014-2015թթ. համար: Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության վարչության պետերը և ներկայացուցիչներն էին այստեղ: Մենք համատեղ քննարկել ենք մեր առաջիկա ծրագրերը: Քննարկել ենք նաև մեր հետագա համագործակցությունն առավել խորացնելու և արդյունավետ դարձնելու հարցեր:Ես գոհ եմ համագործակցությունից, իհարկե,  ներկայիս մակարդակը մեզ չի բավարարում, քանի որ միշտ էլ անելիքներն ավելի շատ են: Պետք է ասեմ նաև, որ ՀՀ-ում չկա որևէ քիչ թե շատ հեղինակություն ունեցող մշակութային կազմակերպություն կամ արվեստի գործիչ, որի հետ մենք չհամագործակցենք»,- նշեց նախարարը:

Վերջինը հավելեց, որ հաշվի առնելով նախկին փորձը, որի արդյունքում ծրագրային դժվարություններ էին առաջանում, համատեղ ծրագրերն այսօր քննարկվում են բյուջեի հաստատումից առաջ և նոր միայն գործնական բնույթ հաղորդում դրանց:

Times.am-ն առաջարկեց նախարարին մեկնաբանել նաև ՎՊ-ի՝ նախարարությունում արձանագրած խախտումները: Նարինե Աղաբալյանը մեկ առ մեկ նշեց դրանք, մասնավորապես՝ կապված քաղծառայողների պարգևավճարների չափի, հյուրանոցային ծախսերի գերազանցման հետ: Ըստ նրա՝ արդարացի չէր լինի անտեսել այն մարդկանց, որոնք առանց  հանգստի նվիրված աշխատել են:

«Կառավարության սահմանած հյուրանոցային ծախսերի և շուկայականի միջև տարբերություն կա, ուստի երբեմն սահմանված չափը՝ 20.000 դրամը, գերացանցվում է: Իհարկե, ունեցել ենք դեպքեր, երբ 5.000 դրամ ենք վճարել մեկ օրվա համար: Բայց միշտ չէ, որ հնարավոր է պահպանել  կառավարության սահմանած շեմը: Սա յուրացում չի, հետո՝ մշակույթի ոլորտում պլանավորումներով առաջնորդվելը  դժվար է: Եվ վերջապես չի սխալվում նա, ով չի աշխատում»,- ամփոփեց նախարարը:

 ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևան-Ստեփանակերտ

Հետևեք մեզ նաև Telegram-ում