Իսլամիստ ահաբեկիչները սպառնացել են Ադրբեջանին

Իսլամիստ ահաբեկիչները սպառնացել են Ադրբեջանին

Իրաքի եւ Սիրիայի հյուսիսային զավթած շրջաններում «իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման ղեկավարները հերթական անգամ սպառնացել են Ադրբեջանին: Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով ԻԼԻՊ-ին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ ահաբեկչական կազմակերպության անդամ Մուհա մեդ Աբու Բարուդը հայտարարել է, որ Ադրբեջանում իսլամական կրոնը ոտնահարվում եւ ճնշվում է, ու դա պետք է կարգավորել:

ԻԼԻՊ-ի ջիհադականը նավթով հարուստ Ադրբեջանին «պատրաստի մսակարկանդակ» է անվանել: Նա նաեւ զգուշացրել է Ադրբեջանին, որ իսլամական պետությունը տարածվելու է նաեւ Ադրբեջանում:

«Մի օր իսլամական պետությունը ձգվելու մինչեւ Ադրբեջան: Մեզ համար Դաղստանը, Վրաստանը եփած խնձոր են, իսկ Ադրբեջանը պատրաստի մսակարկանդակ է, եւ մի օր մենք այն կհամտեսենք»,- հայտարարել է ԻԼԻՊ-ի մարտիկը:

Իրաքում «իսլամական պետություն» հռչակելուց հետո ԻԼԻՊ-ի ղեկավարները հայտարարել են, որ իրենց հաջորդ թիրախը կլինեն Ադրբեջանը եւ Թուրքիան:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստ ահաբեկիչների կողմից երկու տարի առաջ սկսված պատերազմում մինչ այժմ զոհվել են Ադրբեջանի քաղաքացի 200-ից ավելի մոջահեդներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում