«Առավոտ». Ինչի՞ն վերագրել սադիստական դրսևորումները «ասիական տարածքներում»՝ կրոնին, էթնոսին, աշխարհաքաղաքական իրավիճակին

«Առավոտ». Ինչի՞ն վերագրել սադիստական դրսևորումները «ասիական տարածքներում»՝ կրոնին, էթնոսին, աշխարհաքաղաքական իրավիճակին

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«ԱՄՆ իշխանությունները երեկ հաստատել են, որ իսլամական ծայրահեղականներն իսկապես գլխատել են ամերիկացի լրագրող Զեյմս Ֆոուլիին և այդ սահմռկեցուցիչ հանցագործության տեսագրությունը տեղադրել են համացանցում:

Եթե հիշում եք՝ նման ոճով էին գործում չեչենները, երբ պայքարում էին Ռուսաստանի դեմ, նույնն անում էին թալիբները, «Ալ-Քաիդան» և նման բազմաթիվ այլ խմբավորումներ: Նրանցից քիչ բանով է տարբերվում Ռամիլ Սաֆարովը, որը քնած մարդուն սպանելով «վրեժ էր լուծում» Ադրբեջանի «օկուպացված տարածքների» համար: Նույն ոճի մեջ է այսպես կոչված «ադրբեջանական բանակը»՝ իր գեներալներով և այլ սպաներով, որոնք սկզբից առևանգեցին, իսկ հետո խոշտանգեցին և սպանեցին խաղաղ մի գյուղացու՝ Կարեն Պետրոսյանին: Չեմ կասկածում՝ եթե 1915 թվականին լիներ թվային տեսագրություն և youtube, ապա թուրք ասքյարները և բաշիբուզուկները կնկարահանեին անզեն մարդկանց «անհավատներին» սպանելու պահերը՝ որպես ապացույց, որ իրենք արժանի են դրախտ ընկնելու և այնտեղ կույսերի հետ խմբակային սեքսով զբաղվելու:

Չգիտեմ, դա լավ է, թե վատ, բայց սովորական հայ մարդը, ինչպես նաև «միջին թվաբանական» եվրոպացին, ընդունակ չեն նմանօրինակ գազանությունների, որոնք նաև գրանցում են ժապավենների վրա՝ իրենց «սխրանքն» անմահացնելու համար: Բայց ժամանակակից եվրոպական մշակույթին դա հատուկ չէ: Երևի դա, այնուամենայնիվ, լավ է: Իսկ ինչի՞ն վերագրել այս դրսևորումները «ասիական տարածքներում»՝ կրոնին, էթնոսին, աշխարաքաղաքական իրավիճակին, ես չգիտեմ, դա լուրջ մասնագիտական հարց է, որի հետազոտությունն արդիական է մեզ՝ հայերիս համար՝ հաշվի առնելով, թե ինչպիսի շրջապատում ենք ապրում »,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում