Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար. Փաշինյան

Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում օրակարգային կարևորագույն կետերից մեկն է դարձել. այն նախնական քննարկման էր ենթարկվել նաև Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքմենստանի ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղյակ եք, որ ես Իրան կատարած այցից առաջ հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ, Ռուսաստանի նախագահի հետ և Թուրքմենստանի նախագահի հետ: Նրանց նաև տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ եմ պատրաստվում քննարկել Իրանում, որովհետև կարևոր են նաև նրանց մոտեցումները, մասնավորապես, որքանով են Վրաստանը, Թուրքմենստանը, Ռուսաստանը հետաքրքրված նման խոսակցությամբ: Նրանց հետ քննարկումների արդյունքում է նաև որոշվել, որ այս թեման Իրանում պետք է դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել որևէ եզրակացության»,– ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ, ընդհանուր առմամբ, տրամադրվածությունը պետք է լինի այն, որ Հայաստանը հնարավոր բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնի թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ: «Այսինքն՝ բոլոր ուղղություններով մենք պետք է նախաձեռնություններ, գաղափարներ ունենանք, թե ինչպես կարող ենք այդ հարաբերությունները զարգացնել: Կարևոր է արձանագրել, որ նման զարգացումները կարևոր են մեր տարածաշրջանում կայունությունը և ինտեգրացիան ապահովելու առումով: Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն, որը միատեսակ և միանման չէ: Ամենակարևորն այն է, որ մենք այս գործընթացում մեր բոլոր գործընկերների հետ ենք քննարկում ունենում, և ամեն ինչ անում ենք, որ մեր օրակարգը, մեր գործողությունները նրանց համար թափանցիկ լինեն»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցը ենթադրում է նոր գազատար՝ ՀՀ վարչապետը հստակեցրեց, որ խոսքը նոր գազատարի մասին չէ: «Խոսքը նոր գազատարի մասին չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած գազատարերով հնարավոր է իրականացնել առկա ծրագրերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Իրանում էր փետրվարի 27-28-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում