C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ

C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ, քանի որ այդ գործարքի շնորհիվ Թուրքիան հաստատում է վերջին տարիներին իր քաղաքական նոր մոտեցումները տարածաշրջանային զարգացումների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ այդ գործարքը լուրջ մտավախություններ պետք է առաջացնի ԱՄՆ-ի մոտ, քանի որ այդ գործարքով Թուրքիան ցույց է տալիս, որ պատրաստ է գնալ այդ երկրի դեմ:

«Եթե փորձենք գնահատել ներկայիս վիճակը Թուրքիայում, կարելի է ասել, որ Թուրքիան տարածաշրջանային առումով գտնվում է իր դիրքերն ուժեղացնելու ճանապարհի վրա: Թուրքայի հակառակորդները շատ են, և թուրքիան պոտենցիալ այնքան ուժեղ չէ, որ կարողանա այս խնդիրը մինչև վերջ իրականացնել»,– ասաց նա:

Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան վերջին շրջանում, կարծես թե, կարողացել է բավական առավելություն ստանալ տարածաշրջանային առումով իր վաղեմի հակառակորդի՝ Սաուդյան Արաբիայի նկատմամբ: «Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում ամրապնդող մյուս հանգամանքն էլ այն է, որ նա կարողացավ գոնե տակտիկական առումով Իրանի հետ իր հարաբերությունները բարձրացնել ևս մեկ աստիճանով»,- հավելեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում