ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի անդամները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Միքայել Մելքումյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բարեկամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության խթանմանը, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում:

Բանախոսը, ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, առանձակի կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների համանման հանձնաժողովների փոխշահավետ համագործակցությունը կոնկրետ օրակարգով, որի առանցքում կլինեն ինչպես ԵԱՏՄ շրջանակում, այնպես էլ հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող խնդիրները: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության տեմպերն աճել են, ինչը պայմանավորված է նաեւ կառավարության կողմից տնտեսական կառուցվածքի փոփոխությամբ:

Միքայել Մելքումյանն անդրադարձել է նաեւ համագործակցությանը միջազգային այնպիսի նախագծերի շուրջ, որոնք երկու պետությունների հետաքրքրության առանցքում են, կարեւորել փոխգործակցությունը Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը բարձրացրել է Վերին Լարսին այլընտրանք՝ նոր տրանսպորտային միջանցք ունենալու խնդիրը եւ կարեւորել ռուս գործընկերների աջակցությունը մասնավորապես համապատասխան օրենսդրության մշակման հարցում:

Լեոնիդ Կալաշնիկովն իր հերթին կարեւորել է խորհրդարանների երկու պրոֆիլային հանձնաժողովների սերտ համագործակցությունը, համատեղ նիստերի անցկացումը: Նա անդրադարձել է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներին՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այդ կապակցությամբ մշակել է առաջարկների փաթեթ: Հանձնաժողովի նախագահը քննարկել է նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը միտված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր՝ կարեւորելով հայկական կողմի ակտիվ մասնակցությունն այդ ձեւաչափերին:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է հայկական համայնքի դերը երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում, ինչպես նաեւ փոխգործակցության խորացումը տարբեր հարթակներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում