«Ժողովուրդ». ՄԻԵԴ որոշումների տարափ է սպասվում

«Ժողովուրդ». ՄԻԵԴ որոշումների տարափ է սպասվում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում քաղաքական և իրավապահ ու իրավապաշտպան կառույցները շարունակում են քննարկել հարցը, թե ինչպես է գործարար Սամվել Մայրապետյանին հաջողվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշման կայացման հասնել այսքան սեղմ ժամկետում։ Հիշեցնենք, որ նմանատիպ գանգատ 1 տարի առաջ ուղարկել էր նաև «Նորք-Մարաշի զինված խմբի» գործով անցնող ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն ՄԻԵԴ որոշումն ուշանում էր։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 16-րդ կոնվենցիայի վավերացումն է պատճառը, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գործերի քննության ժամկետներն էապես նվազել են։ Եթե նախկինում մարդիկ տարիներով սպասում էին ՄԻԵԴ որոշումներին, ապա հիմա, այդ կոնվենցիայի համաձայն, ՄԻԵԴ-ը որոշումները պետք է կայացնի ամենաուշը մեկ տարի անց:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությունների թիվ 16 արձանագրությունը ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 2016թ.-ին՝ 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Եվ հիմա բոլորս «վայելում» ենք արագացված ռեժիմի հետևանքների մասին պատկերացումները։ Ինչո՞ւ, որովհետև մի շարք աղմկահարույց քրեական գործերով որպես մեղադրյալներ անցնող նախկին պետական պաշտոնյաները դիմել են կամ պատրաստվում են դիմել ՄԻԵԴ։ Ենթադրվում է՝ ՄԻԵԴ որոշումների տարափ է սպասվում։ ՄԻԵԴ-ն արդեն բավականին օպերատիվ է արձագանքելու խնդիրներին՝ կապված հատկապես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դրույթների հետ: Այլ հարց, թե ինչ բովանդակությամբ կլինեն այդ որոշումները՝ ՀՀ-ի դեմ, թե, այնուամենայնիվ, կմերժեն դիմումատուներին: Ամեն դեպքում, հայրենի իրավապահներն ու դատավորները առավել զգոն պետք է լինեն։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում