Փորձագետը Իրանում արտարժույթի տատանման պայմաններում դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի նվազում է նկատում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի զբոսաշրջիկները վերջին շրջանում ավելի քիչ են այցելում Հայաստան: Դա պայմանավորված է Իրանում սեփական արժույթի մի քանի անգամ արժեզրկմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Հայ-իրականական հարաբերությունների ամենազարգացած ոլորտներից մեկը, թերևս, զբոսաշրջությունն է: Եվ Իրանում առաջացած տնտեսական խնդիրները անմիջականորեն ազդեցին այս ոլորտի վրա: Երկրում սեփական արժույթի մի քանի անգամ արժեզրկումը քաղաքացիներին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել, դա էլ հանգեցրել է Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թվաքանակի կտրուկ նվազմանը: Իհարկե, այս առումով Հայաստանը բացառիկ երկիր չէր, ընդհանուր առմամբ բոլոր երկրները, որոնք տարվա ընթացքում հագեցած են լինում իրանցի զբոսաշրջիկներով, տուժեցին»,-ասաց Տոնոյանը:
Նա նկատեց, որ հետաքրքիր բացառություններ են եղել տարածաշրջանում: Պայմանավորված ավիաթռիչքների էժանությամբ՝ Վրաստանում իրանցի զբոսաշրջիկների թվի նվազում չի եղել:
Իրանագետը նկատեց նաև, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների աշխուժացման առումով 2019-ը կարող է բերել դրական փոփոխություններ: «Վերջերս Վրաստանի տարածքում մի քանի անգամ իրանցի զբոսաշրջիկներին մուտքի թույլտվություն չի տրվել, դրա համար Իրանի համապատասխան գերատեսչությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով սեփական քաղաքացիներն 2019-ի ընթացքում հանգստանալու համար չմեկնել Վրաստան: Եվ այս առումով զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կարող է մյուս տարի վերականգնվել»,-եզրափակեց Տոնոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում