Առաջիկա հինգ տարում եկամտահարկի շեմը կիջնի մինչև 20 տոկոս

Առաջիկա հինգ տարում եկամտահարկի շեմը կիջնի մինչև 20 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կան ստվերային աշխատավարձեր: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հաշվապահությունում գրված է, որ աշխատողը ստանում է 80 հազար դրամ, սակայն իրականում ստանում է 160 կամ 200 հազար դրամ: Հիմա այսպիսի իրավիճակում չկա շահագրգռվածություն, որ իրական աշխատավարձը գործատուն ցույց տա: Մենք հիմա հարկային պահը համահարթեցնում ենք, որպեսզի շահագրգռենք մարդկանց իրական աշխատավարձերը գրանցելու համար: Կան երկրներ, որտեղ այս փորձը կիրառվել է, երբ եկամտահարկը իջել է՝ աշխատավարձերի պատկերը փոխվել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ երբ պատկերը հստակ կլինի, նոր պարզ կդառնա, թե ինչ քաղաքականություն իրականացնենք 80 հազար աշխատավարձ ստացողների նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկա 5 տարում եկամտահարկի շեմն իջնելու է մինչև 20 տոկոս: Կուտակային կենսաթոշակների քաղաքականության արդյունքում արդեն մարդկանց աշխատավարձը որոշակի բարձրացրել ենք: Նա նշեց, որ հարկային քաղաքականության արդյունքում նախատեսում են 50 մլրդ դրամ թողնել մարդկանց գրպանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում