Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիայի փորձագիտության կենտրոն

Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիայի փորձագիտության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 14-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկեց Chainpoint 18 միջազգային համաժողովը։ Համաժողովի բացմանը ելույթ ունեցավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարն իր խոսքում կարևորեց հայաստանյան ՏՏ էկոհամակարգի բարելավմանն ուղղված քայլերը, որոնցից է նաև բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրումը և նման համաժողովների անցկացումը:

Համաժողովի բացմանը մասնակիցներին ողջունեց նաև Noоor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը, ով, ներկայացնելով համաժողովի օրակարգը, նշեց.

«Այս համաժողովը տարբերվում է իր մոտեցումով, և այն պիտի աշխարհում հայտնի դառնա` որպես հարթակ, որը միավորում է առաջնորդների, հաջողակ ձեռներեցների և ուղղություն թելադրող փորձագետների` ապագան ուրվագծելու նպատակով»:

Վիգեն Առուշանյանի խոսքով` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և մասնավորապես բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման համար կարևոր են հստակ օրենսդրական կարգավորումները։

Բացման արարողությունից հետո մեկնարկեցին պանելային քննարկումները բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Խոսելով Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիայի ներկա իրավիճակի մասին՝ բանախոսները միակարծիք էին այն հարցում, որ Հայաստանում բլոկչեյնի և նրա կիրառությունների զարգացման մեծ ներուժ կա, որին կխթանի համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումը, և հույս հայտնեցին, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ի հայտ կգան բազմաթիվ հաջող նախագծեր։

Համաժողովի առաջին օրը` նոյեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության բլոկչեյն ասոցիացիաների նախագահները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որը սկիզբ կդնի 3 երկրների միջև բլոկչեյնի ոլորտում առավել սերտ համագործակցության:

«Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել փոխադարձ խորհրդատվություններ և փորձի փոխանակում: Այսպիսի համագործակցությունները ցույց են տալիս, որ Հայաստանը բլոկչեյնի միջազգային համայնքի կողմից դիտարկվում է և՛ որպես գիտելիքների կենտրոն, և՛ որպես տարածաշրջանում բլոկչեյնի զարգացման ամենաակտիվ ներկայացուցիչ», – նշում է Վիգեն Առուշանյանը:

Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև հայկական և ուկրաինական կողմերի միջև:

Երկրորդ օրվա շրջանակում բլոկչեյն ոլորտի հայկական 8 ստարտափներ ներկայացվեցին այդ թվում միջազգային ներդրողների:

Համաժողովին աջակցեցին 100-ից ավելի տեղեկան և արտասահմանյան կազմակերպություններ, իսկ գլխավոր գործընկերն էր հայկական fasttoken-ը։

Համաժողովը եզակի էր տարածաշրջանում իր ֆորմատով, հրավիրված բանախոսներով և քննարկվող թեմաների լայն շրջանակով։ Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին ներկա գտնվել ոլորտի հեղինակավոր մասնագետների ելույթներին և քննարկել բլոկչեյնին առնչվող տարբեր հարցեր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում