ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով

ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է՝ իրենց կուսակցությունը, անկախ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անելիք ունի երկրում: Հայ յեղափոխական դաշնակցությունն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուստամյանը այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:

«Մենք չենք գնում այս ընտրություններին նրա համար, որ դառնանք ընդդիմություն կամ ցույց տանք, որ մենք ամենալավն ենք: Մենք այս ընտրություններին գնում ենք այն տրամաբանությամբ, որ անկախ նրանից, արդյունքները մեզ համար ընդունելի կամ անընդունելի կլինեն, մենք այս երկրում անելիք ունենք: ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորել այս ընտրությունների արդյունքներով: Մենք մտնում ենք այս ընտրապայքարի մեջ, քանի որ վստահ ենք, որ այս անցումային փուլում ՀՅԴ-ի նման կառույցը կկարողանա երկիրը տանել այն ուղությամբ, որ երաշխավորենք, որ ձեռքբերումները չենք կորցնի ու եղածի վրա մի բան կավելացնենք»,-ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով հարցին, թե կիսո՞ւմ են, արդյոք, ՀՀԿ-ի տեսակետը, որ միակ իրական ընդդիմությունն իրենք են, ասաց, որ այդ առումով կրկնվում է նույն սխալը: «Խնդիրը նորից դրվում է այսպես՝ընդդիմություն է նա, ով հայհոյում է, ամենավճռական բառերն է օգտագործում։ Պետք է դուրս գալ այս մտածելակերպից: Ընդդիմություն ձևավորվում է, երբ արդեն կա իշխանություն: Մենք դուրս են եկել կոալիցիայից, ուրեմն ընդդիմություն ենք: Ես չեմ պատրաստվում օգտագործել նույն բառապաշարը, որ ապացուցեմ, թե ավելի ընդդիմություն ենք, քան մյուսները»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա վստահեցրեց, որ մշտապես քննադատել են այն, ինչն իրենց համար եղել է անընդունելի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում