Կառավարությունն անգամ գործող ԸՕ-ով ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է ապահովել դրանց նկատմամբ մաքսիմալ վստահություն. Արտակ Զեյնալյան

Կառավարությունն անգամ գործող ԸՕ-ով ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է ապահովել դրանց նկատմամբ մաքսիմալ վստահություն. Արտակ Զեյնալյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նույնիսկ գործող ընտրական օրենսգրքով պատրաստ է անցկացնել խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնց նկատմամբ վստահությունը կլինի մաքսիմալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմանը կառավարության այս հանձնառությունը վերահաստատեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց ՝գործող Ընտրական օրենսգրքի մնալու դեպքում իշխանության որակը հնարավոր է արդյոք տուժի:

«Ես վերահաստատում եմ կառավարության հանձնառությունը՝ գործող ընտրական օրենսգրքով անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց նկատմամբ հանրության վստահությունը կլինի մաքսիմալ: Սակայն կառավարությունը շահագրգռված է, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով»,-ասաց Զեյնալյանը:

Նա նկատեց՝ առաջարկվող նախագիծն ավելի նպաստավոր է ընտրական ինստիտուտների նկատմամբ հավատի ձևավորման տեսակետից: Սակայն փոփոխությունների չընդունվելու դեպքում անգամ կառավարությունը հանձնառու է գործող օրենսգրքով անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց նկատմամբ այդ պայմաններում հնարավոր կլինի ապահովել առավելագույն վստահություն: Զեյնալյանը նկատեց՝ այդպես անցկացվեցին նաև Երևանի ավագանու ընտրությունները, որոնց նկատմամբ վստահության ռեսուրսն ավելի բարձր էր, քան նախորդ ընտրությունների ժամանակ:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց՝ իրենք ևս միանշանակ կողմ են համամասնական ընտրակարգին, դրանից բխող լուծումներին և կարգավորումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում