Ղրղզստանի փոխվարչապետը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության երեք տարիները

Ղրղզստանի փոխվարչապետը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության երեք տարիները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը դրական է գնահատում երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում Ղրղզստանի փոխվարչապետը հիշեցրեց, որ Ղրղզստանն արդեն 3 տարի անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը՝ ընդգծելով, որ այդ երեք տարիների արդյունքներով արդեն դրական տենդենցներ են նկատվում:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու եղանակով Ղրղզստանը հասանելիություն ստացավ Միության 183 միլիոնանոց շուկային: Նաև անցած տարիների արդյունքներով մենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ մեր ապրանքների արտահանման դրական տենդենց ենք նկատում, արձանագրել ենք արդյունաբերական արտադրանքի նշանակալի աճ»,- ասաց նա՝ հայտնելով, որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկրում արդյունաբերական արտադրանքի աճը կազմում է 111 տոկոս:

Ղրղզստանի փոխվարչապետն ընդգծեց, որ արդյունաբերական արտադրանքին զարկ տալու ճանապարհին ուշադրություն են դարձնում հատկապես արդյունաբերական ոլորտի՝ երկրի համար ավանդական դարձած ուղղություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում