«Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են

«Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Եթե Երևանում եղած թեքահարթակների մեկ տոկոսը համապատասխանի չափանիշներին, պատրաստ ենք ծափահարել: Tert.am-ի հետ զրույցում Երևանում ապրող հաշմանդամության խնդիր ունեցողներն այդպես ասացին՝ խոսելով Երևանի անմատչելիության, այստեղ կառուցված «կյանքին վտանգ սպառնացող» թեքահարթակների մասին:

«Տեսնում ես, որ թեքահարթակ է, բայց երբ մոտենում ես, որ օգտագործես, ահավոր վտանգավոր է թվում»,- ասաց հաշմանդամության խնդիր ունեցող Աննա Ավետիսյանը:

Tert.am-ը կասկադյորի հետ միասին պտտվել է քաղաքում և փորձել օգտվել տարբեր վայրերում, շինություններին կից թեքահարթակներից, դրանից զատ, փորձել է նաև համադրել տվյալները, թե քաղաքապետարանն ինչ քայլեր է ձեռնարկում Երևանում մատչելիությունն ապահովելու, չափանիշներին չհամապատասխանող թեքահարթակների կառուցումը բացառելու համար:

2013 թվականից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բյուջեից միջոցներ են տրամադրվում հատուկ կարիքներով քաղաքացիների համար՝ մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2013 թվականից մինչև 2017 թվականը կառուցվել է 2316 թեքահարթակ, դրա համար ծախսվել է 133 միլիոն դրամից ավելի գումար: Թեքահարթակ կառուցելու համար 2018 թվականին նախատեսվել է ծախսել 30 միլիոն դրամ:

Պետք է նկատել՝ «Մատչելի քաղաք» նախաձեռնության 2015 թ․՝ 2013-2014 թթ. ընթացքում համայնքային բյուջեով Երևանում կառուցված թեքահարթակների քանակական և որակական մոնիթորինգի համաձայն՝ քաղաքապետարանի ցուցակներում նշված ոչ բոլոր հասցեներում է, որ իրականում թեքահարթակները կան:

Հաշմանդամության խնդիրներ ունեցողները նկատում են նաև՝ Երևանի քաղաքապետարանը պատշաճ ձևով չի իրականացնում վերահսկողությունը նոր կառուցվող շենքերի, մասնավոր օբյեկտների մասով, արդյունքում շատ շինություններում հարմարեցումներ չեն լինում, իսկ լինելուց էլ դրանք չեն համապատասխանում չափանիշներին:

Երևանի քաղաքապետարանում քննադատությունների հետ համաձայն չեն: Պնդում են՝ բավականին երկար ժամանակ է՝ քաղաքապետի հստակ հրահանգ կա՝ այն կառույցները, որոնք ներկայացվում են շինթույլտվության համար, պետք է հարմարեցված լինեն չափանիշներին:

Երևան քաղաքի անմատչելիության, «կյանքին վտանգ սպառնացող» թեքահարթակների առկայության մասին Tert.am-ի պատրաստած ռեպորտաժը՝ ներքևում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում