«Խատուտիկ» հայկական կենտրոնի կազմակերպած մանկական միջազգային տոնը Տավրիչեսկի դղյակում

«Արևային Խատուտիկ» այս անվանումն էր կրում մանկական միջազգային մեծ տոնը, որ տեղի ունեցավ այսօր Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքի Տավրիչեսկի դղյակում։
Տոնը կազմակերպել էր «Խատուտիկ» հայկական զարգացման կենտրոնը, որը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան։

Միջոցառումը բարեգործական էր, որի մասնակիցներն էին տարբեր ազգերի Պետերբուրգաբնակ երեխաները։

«Խատուտիկ» զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Լիլիթ Շարբաթյանը մեզ հետ զրույցում պատմեց միջոցառման մանրամասների մասին. « Մեր նպատակն էր մեկ հարկի տակ համախմբել տարբեր ազգության, հատուկ խնդիրներով և առանց խնդիրների երեխաների, ինչպես բարեկեցիկ ընտանիքիներց, այնպես էլ մանկատներից, ովքեր տոնի ընթացքում շփվեցին միմյանց հետ՝ հավասարը հավասարի պես։ Նրանք ծանոթացան միմյանց մշակույթին, միասին ստեղծագործեցին, խաղացին, պարեցին։ Մենք անչափ ուրախ ենք, որ կարողացանք նվիրել նրանց երջանիկ և հիշարժան պահեր»։

Ներկաները հիացած էին միջոցառումից և ի սրտե երախտագիտություն էին հայտնում կազմակերպիչներին և բոլոր մասնագետներին, ովքեր այդ ամենն արել էին սեփական միջոցներով և ռեսուրսներով։ Տոնը եզրափակվեց համերգով, որին մասնակցում էին տարբեր ազգերի մշակությային համույթներ և երգչախմբեր։

Խատուտիկցիներն էլ իրենց հերթին շնորհակալ էին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին՝ տարածք տրամադրելու համար։

Հիշեցնենք, որ «Խատուտիկ» հայկական զարգացման կենտրոնը նախորդ տարվա նոյեմբեր ամսից հայապահպան գործունեություն է իրականացնում Պետերբուրգում և սույն թվականի ամռանից նախապատրաստել է կարճաժամկետ ծրագրեր՝ ՀՀ-ում անցկանելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում