Մելիքյանն ի տարբերություն Բաղդասարյանի՝ դրական արձանագրումներ է տեսել

Մելիքյանն ի տարբերություն Բաղդասարյանի՝ դրական արձանագրումներ է տեսել

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարին՝  նշել էր. «…Եթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները…»:

Այս զգուշացումից վրդովված ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իրեն իրավունք վերապահեց դեսպանին հորդորել զբաղվել զուտ դիվանագիտական գործունեությամբ. «Պարզապես իմ ցանկությունն այն կլինի, որ դիվանագիտական կորպուսի աշխատողները, առավել ևս մեծ տերությունների դեսպանները, զբաղվեն դիվանագիտական ու քաղաքագիտական գործունեությամբ և նման գնահատականներ չտան։ Ես դա մասնավոր կարծիք եմ համարում… Ընդհանրապես ցանկացած հայտարարությունից՝ լինի դեսպանի, թե շարքային քաղաքացու, պետք է հետևություն անել, բայց դրան շատ լուրջ վերաբերվել և պաշտոնական պատասխան տալ չեմ կարծում, թե պետք է»։

Սրան հաջորդեցին տեսակետներ, թե սա քաղաքական աղմուկի պատճառ կարող է դառնալ կամ խնդիրներ առաջացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերուիթյուններում:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այս տեսակետը չի կիսում, այլ հարց էր, որ ի տարբերություն իր կուսակցի մեկնաբանելիս  զսպվածություն դրսևորեց և ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ նաև դրական արձանագրումներ տեսավ, իսկ թերացումները համարեց  քննարկման ենթակա  հարցեր:

«Եթե դուք ուշադիր լսել ենք իր հարցազրույցը, ապա նա սկզբում նշել էր, որ վերջին տարիներին ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը նվազել է: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները որևէ առնչություն ունեն Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման հետ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Մելիքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում