Վաշինգտոնը 16 տարի անց փոխում է տնտեսական քաղաքականությունը Հայաստանում

Վաշինգտոնը 16 տարի անց փոխում է տնտեսական քաղաքականությունը Հայաստանում

«ԱՄՆ-ն Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում 5-րդն է, ինչը լավ է, բայց մենք սիրում ենք ամեն ինչում լինել առաջինը, եթե կարող ենք դա անել, ես ցանկանում եմ, որ մենք դա անենք»,-ընդամենը մեկ ամիս առաջ հայտարարել էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը: ԱՄՆ-ի այս նոր քաղաքականության պիոները դարձավ «Որոտանի ՀԷԿ»-ը ամերիկյան ընկերության կողմից ձեռք բերելու հայտնի գործարքը:

Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի հայտարարությունից ընդամենը մեկ ամիս հետո` օրերս, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքվեց «Առևտրի և ներդրումների շրջանակային նոր համաձայնագիր»-ը, որը կարևոր հիմք կլինի երկու երկրների միջև ներդրումների և առևտրի խթանմանն ուղղված ավելի շատ հնարավորությունների և հարմար պայմանների ստեղծման համար:

Ռիչարդ Միլսը, դառնալով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան, տվեց համաշխարհային գերտերության` Հայստանում նոր քաղաքականություն վարելու մեկնարկը: Անկախությունից ի վեր ԱՄՆ-ն փորձում էր փափուկ ուժի կիրառման միջոցով Հայաստանում մեծացներ իր ազդեցությունը և արևմտյան արժեքների նկատմամբ հետաքրքրությունը: Թերևս, այդ հանգամանքով էր պայմանավորված, որ ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարների օժանդակություն էր հատկացնում Հայաստանին, որի առյուծի բաժինն ընկնում էր դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ԱՄՆ-ն ակնհայտորեն փոխեց իր ֆինանսական քաղաքականությունը Հայաստանում: Պատճառների թվում կարող ենք նշել այն հանգամանքը, որ մինչ ԱՄՆ-ն գումարներ էր ծախսում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների խթանման, ժողովրդավարական արժեքների տարածման ուղղությամբ, Ռուսաստանն այդ ժամանակահատվածում ուժեղացնում է իր դիրքերը հայկական տնտեսության մեջ և տիրանում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներին` այդ կերպ մեծացնելով իր ազդեցության լծակները: ԱՄՆ-ն, որն աշխարհում իր մեծությամբ երկրորդ դեսպանատունն ունի Հայաստանում, բնականաբար, չի կարող գոհանալ ներկայիս իրավիճակով:

ԱՄՆ-ն այսօր Հայաստանի առևտրային գործընկերների շարքում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Ընդ որում` վերջին չորս տարիների կտրվածքով բավականին նվազել են և արտահանման, և ներմուծման ծավալները: Այսպես, եթե 2011թ-ին արտահանումը կազմում էր ավելի քան 100 միլիոն դոլար, իսկ ներմուծումը` 148, ապա 2014թ-ի ցուցանիշով արտահանումը 88 միլիոն դոլար է, իսկ ներմուծումը`135: Հարկ է փաստել, որ արտահանման մեջ տեսակարար մեծ կշիռ է կազմում ալյումինը, ադամանդը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները: Ներմուծվում են հիմնականում մեքենաներ, բջջային հեռախոսներ, տեխնիկա, համակարգիչներ և այլ սարքավորումներ: Ակնհայտ է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն, որի համար հարկ է նաև համապատասխան պայմաններ ստեղծել: Վերջերս կնքված համձայանագիրը, որի մասին շատ մանրամասներ չեն հաղորդվում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ, ունի առանցքային նշանակություն: Հարկ է փաստել, որ այդ համաձայնագրով չի չեղարկվել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կրկնակի հարկման մասին պայմանագիրը: Երկակի հարկման մասին պայմանագիրը սկզբնական շրջանում կնքվել է ԱՄՆ-ի և Խորհրդային միության միջև 1974թ-ին, սակայն մինչ այժմ ընկած է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների հիմքում: Այժմ երկու երկրների գործարարները և՛ Հայաստանում են հարկվում, և՛ ԱՄՆ-ում՝ միևնույն եկամուտի համար: Դա լրջորեն խոչընդոտում է գործարարության ծավալումն ու նոր ներդրումների ներգրավումը: Նոր պայմանագիրը հնարավորություն կտա զեղչել երկրներից մեկի հարկումը՝ ըստ երկու երկրների միջև պայմանավորվածության:Ներկայումս կողմերը ջանքեր են գործադրում նոր համաձայնագիր կնքել մոտ ապագայում, որպեսզի իսկապես բարենպաստ պայմաններ ստեղծեն ներդրումերի ավելացման և տնտեսական ոլորտում աշխուժություն մտցնելու համար:

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները անկախացումից ի վեր կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի շրջանների: Մինչ 1996թ-ը բնութագրվում է որպես մարդասիրական օգնության ժամանակաշրջան: ԱՄՆ-ն, օգտվելով նախկին խորհրդային տարածությունում առաջացած քաղաքական վակումից, ընդունեց Ազատության աջակցման բանաձև, որի շրջանակներում ի թիվս այլ նորանկախ պետությունների, Հայաստանը ևս ԱՄՆ-ի կառավարության կողմից միլիոնավոր դոլարներ է ստանում:

Հայ-ամերիկյան հարաբերություններում առաջին փաստաթուղթև կնքվել է 1992թ.ապրիլի 2-ին Առևտրի զարգացման համաձայնագիր, ըստ որի կողմերը պարտավորվում են նպաստավոր պայմաններ ստեղծել փոխադարձ առևտրի կազմակերպման և զարգացման, ապրանքների արտադրության և արտահանման համար: Համաձայնագրի երկրորդ հոդվածում հստակեցվում էին մատչելի շուկաների ստեղծման պայմաններն ու առաջարկները: Համաձայնագիրը 3 տարի ժամկետով էր:

Այս համաձայնագրին հաջորդում է 1995թ. դեկտեմբերի 29-ին ստորագրված արտոնյալ վաճառքի մասին համաձայնագիրը: Ըստ այս համաձայնագրի, ԱՄՆ-ը վարկային միջոցներ էր տրամադրելու գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում արտադրված ապրանքների արտահանման և վաճառքի կազմակերպման համար: Կարևոր է 1996թ. սեպտեմբերի 23-ի պայմանագիրը: Այն վերաբերում էր ներդրումների խրախուսմանն ու պաշտպանությանը: Պայմանագրի նպատակն էր նպաստել ԱՄՆ-ի և ՀՀ-ի ավելի լայն տնտեսական համագործակցությանը, քաղաքացիների և ընկերությունների ներդրումների ապահովագրմանը: Այս համաձայնագրով կարելի է փաստել տրվում է ԱՄՆ-ի տնտեսական նոր քաղաքականության մեկնարկը` զարգացման օգնության ժամանակաշրջանը, երբ ոչ միայն ուղղակի օգնություն էր ցուցաբերվում, այլ նաև փորձ էր կատարվում տնտեսությունն աշխուժացնել նաև ներդրումների միջոցով: 1999թ-ին ԱՄՆ-ի հետ տնտեսական նոր պայամանավորվածություններ էր ձեռք բերել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ում մահվանը և հոկտեմբերյան ոճրագործությանը հաջորդեց հայ-ամերիկյան հարաբերություններում որոշակի դադարի և սառեցման ժամանակաշրջանը:

Շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները կրկին փաստաթղթային հենքի վրա են դրվում, որը շատ կարևոր քայլ է` խթանելու երկկողմ կապերի ակտիվացմանը: Այս իրադարձությունը կարելի է որակել շրջափուլ հայ-ամերիկյան տնտեսական գործակցության ոլորտում, որի մասին է վկայում նաև Օբամայի վարչակազմի կողմից տարեցտարի Հայաստանին տրամադրվող գումարի չափի նվազեցումը: Այս փուլը կարելի է բնութագրել ներդրումային քաղաքականության խթանման ժամանակաշրջան:

Քանի որ հայ-ամերիկյան հարաբերություններում նոր փուլ է սկսվել, ապա Հայաստանն իսկապես պետք է օգտվի այս հնարավորությունից և տնտեսապես հավասարակշռված հարաբերություններ պահպանի աշխարհի հզորագույն պետություններից մեկի հետ, որտեղից նկատվող ներդրումային հոսքը կարող է էապես նպաստել հայկական տնտեսության կենդանացմանը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում