Գործող նորմերի համաձայն կազմված նախագծերը ենթադրում, բայց գործնականում միշտ չէ, որ երաշխավորում են սեյսմակայուն շենքեր
Կարդացեք նաև
1994թ. մշակված, 2006-ին լրամշակված ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերին համապատասխան կառուցված շենքերում անգամ 9 բալանոց երկրաշարժի դեպքում վախենալու կարիք չի լինի: ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետի տեղակալ Գուրգեն Նամալյանը վստահեցնում է` հիշյալ նորմերով կառուցված շենքերը հաշվարկվել և հաշվարկվում են 3-3.5 անգամ ավելի մեծ բեռի տակ, քան խորհրդային տարիներին էր: Բայց, ցավոք, Երևանի շենքերի թվաքանակում մեծամասնություն են կազմում հենց վերջինները: Ստացվում է` սեյսմիկ երրորդ գոտում գտնվող Երևանում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կարող է լինել 9 բալ և բարձր, խորհրդային տարիներին կառուցվել են առավելագույն 7 -8 բալ սեյսմակայունության հաշվարկով շենքեր` ու դա դեռ քարե շենքերը չհաշված, որտեղ սեյսմապաշտպանության մասին խոսք անգամ լինել չի կարող:
Սեյսմակայուն շինարարության մասնագետը այդ` առանց այն էլ խոցելի շենքերում, վերակառուցողական որոշ աշխատանքներ անելը խիստ վտանգավոր է համարում. «Բնակիչներն իրենց բնակարաններում երբեմն անթույլատրելի վերակառուցողական աշխատանքներ են իրականացնում, դա 90-ականներին քաոսային բնույթ էր կրում հատկապես կենտրոնում. քարե կրող պատերը ապամոնտաժում էին` թուլացնելով ամբողջ շենքը, հիմա խստորեն կարգավորվում է, վերահսկում են, որ նման քայլեր չարվեն: Անթույլատրելի է բարձր խոցելի հինգհարկանի քարե շենքի վրա վերնահարկ կառուցելը նույնպես, դա հավասարազոր է շենքի վրա ռումբ դնելուն»:
Հնարավորության դեպքում խորհրդային տարիներից եկող ֆիզիկական մաշվածություն ստացած շենքերը կապամոնտաժվեին և տեղում նորերը կկառուցվեին, ինչպես որ արվում է զարգացած երկրներում, բայց առկա պայմաններում, երբ անգամ վթարային շենքերը չեն հասցնում ամբողջությամբ պամոնտաժել և նորը կառուցել, Գուրգեն Նամալյանը դա տեսանելի ապագայում չի էլ նշմարում:

Ինքնակամ իրականացված անթույլատրելի կոնստրուկտիվ լուծումներով
վերնահարկի օրինակ
Ուժեղ երկրաշարժի դեպքում հնարավոր փլուզումից դրանք ապահովագրելու` առկա իրավիճակում ամենաիրատեսական տարբերակն, ըստ սեյսմակայուն շինարարության մասնագետի, այդ շենքերի սեյսմազինվածությունը բարձրացնելն է: «Դրա համար այսօր կարող ենք անել այն, ինչ հնարավոր է, բայց, արդյո՞ք, հնարավոր ամեն ինչ արվում է: Կարծում եմ` ոչ: Մենք առաջարակում ենք տանիքը տրամադրել որևէ գործարարի, ով այդտեղ ինչ-որ գործունեություն կիրականացնի և միևնույն ժամանակ դինամիկական մարիչ կդնի, ինչը երկարաշարժի ժամանակ մոտ 2 անգամ կնվազեցնի սեյսմիկ բեռը: Այդ կերպ հնարավոր կլիներ առանց բյուջեից գումարներ ծախսելու լուծել խնդիրը: Բացի այդ, գտնում եմ, որ բյուջեի սուղ ֆինանսական միջոցներից էլ, այնուամենայնիվ, որոշ մաս պետք է հատկացվի սեյսմաանվտանգության բարձրացմանը, որովհետև, եթե Աստված մի արասցե, երկրաշարժ լինի, սրբելու է ուղղակի: Սպիտակի երկարաշարժը, կարծես, արդեն մոռացվել է»։
Երևանի սեյսմավտանգ գոտում գտնվելը մի կողմից, գրունտ-շենք ոչ միշտ համապատասխան փոխազդեցությունը՝ մյուս, ստիպում են օր առաջ անցնել շենքերի ամրացման գործնական քայլերին։ Երկրաշարժի ժամանակ շենքերի փլուզման կարևոր պատճառներից մեկը Գուրգեն Նամալյանը համարում է շենքերի կոնստրուկտիվ լուծումների ու տեղադրվածության սխալ ընտրությունը, որի դառը պտուղները քաղեցինք Սպիտակի երկրաշարժի ժամանակ. «Մեր նորմերում մի կարևոր պայման կա. եթե շենքը ճկուն շենք է, պետք է դրվի կոշտ գրունտների վրա, իսկ թե կոշտ շենք է՝ փափուկ գրունտների վրա, որ երկրաշարժի ժամանակ շենքը տատանվի, չմտնի ռեզոնանսի մեջ ու չփլուզվի: Գյումրիում 135 հատ կարկասապանելային շենք կար(մարդկանց մոտ դրանք առավել հայտնի են 111 սերիայի շենքեր), որոնցից 96-ը երկրաշարժի ժամանակ փլուզվեցին։ Վանաձորում նույն կոնստրուկտիվ լուծումներով կառուցված այդ տիպի շենքերից և ոչ մեկը չվնասվեց, որտեղ, ի դեպ, սեյսմիկ ուժգնությունը նույնն է գնահատվել, ինչպես Գյումրիում։ Դա նշանակում է, որ այդ ճկուն շենքերը չպիտի դրվեին փափուկ գրունտների վրա, ինչպես Գյումրիում են արել։ Շենք-գրունտ փոխազդեցությունը շատ կարևոր է»։
Թե Երևանում շենք-գրունտ փոխազդեցությունը որքանով է համապատասխանում նորմերին, դժվար է ասել։ Որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում կան տարբեր տիպի շենքեր, որոնք տեղակայված են տարբեր գրունտների վրա, ակնհայտ է, բայց սեյսմիկ ռիսկի ճշգրիտ պատկեր ստանալու համար, որն ըստ մեր զրուցակցի, ավելի շատ հենց դրանով է պայմանավորված, անհրաժեշտ է ուսումնասիրություններ անել. «Ընդհանրապես բոլոր շենքները 10 տարին մեկ պետք է անձնագրավորվեն և նվազագույնը 10 տարին մեկ էլ վերանայվեն, բայց գործնականում դա չի արվում, քանի որ թանկ է, ծախսատար է։ Եղել են դեպքեր, որ շենքի բնակիչները գումար են հավաքել, ասել՝ եկեք հետազննեք շենքը, տեսեք սեյսմակայուն է, թե ոչ: Բայց դա մասսայական բնույթ չի կրում»։

Ինքնակամ իրականացված անթույլատրելի կոնստրուկտիվ լուծումներով
կցակառույցի օրինակ
Երբեմն լինում են դեպքեր, որ շենքի փաստացի տեխնիկական վիճակն ու սեյսմակայունությունը գնահատելու համար մասնագետնին դիմում են նաև կառուցապատողները: Նման դեպքերում ևս կոնստրուկտիվ ծավալահատակագծային լուծումները, նյութերի ամրության տեսականիշները որոշելուց ու դրանց համապատասխանությունը գործող նորմերին ստուգելուց հետո հաշվարկվում է շենքի սեյսմակայունությունը: Նորակառույցներն այդ առումով մեծ առավելություն ունեն` այն պարզ պատճառով, որ կառուցվում են գործող նորմերի համաձայն: Իսկ ըստ այդ նորմերի`շենքը նախ` հաշվարկվում է 3-3.5 անգամ մեծ բեռի տակ, և երկրորդ` կառուցվում են ամբողջական միաձույլ երկաթբետոնով: Միայն այդ երկու կետերն արդեն, ըստ Նամալյանի, հիմք են տալիս արձանագրելու, որ նորակառույցները կարող են դիմակայել 9 բալ երկրաշարժին:
Հիշեցման կարգով նշենք, որ նախքան շենքի շինարարությունն սկսելը լիցենզավորված կազմակերպությունը կազմում է նախագիծ, որը փորձաքննություն է անցնում` պարզելու համար համապատասխանությունը ՀՀ-ում գործող սեյսմակայուն շինարարության նորմերին: Դրական եզրակացությունից հետո միայն սկսվում է շինարարությունը: Տեսականորեն, կարծես, ամեն ինչ իդեալական է, բայց թե շինարարությունն ամբողջությամբ ըստ նախագծի է իրականացվում, թե ոչ, դժվար է միանշանակ ասել: Սեյսմիկ պաշտպանության մասին օրենքի համաձայն` կառուցվող շենքերի սեյսմակայունության առումով պատասխանատվությունը կրում է լիազոր մարմինը, այսինքն` սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, սակայն, Գուրգեն Նամալյանն այստեղ հակասություն է տեսնում. Հիշյալ մարմինը շինարարության ընթացքում սեյսմիկ նորմերի պահպանման վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի: Ահա թե ինչու, մասնագետը վստահաբար չի կարող պնդել, որ անխտիր բոլոր նորակառույցները սեյսմակայուն են. «Շինարարությունն աշխարհի բազմաթիվ երկրներում ամենակոռումպացված ոլորտներից մեկն է, և Հայաստանն այդ հարցում բացառություն չէ: Ո՞վ կարող է բացառել նորակառույցների շինարարության մեջ սեյսմիկ ռիսկի առկայությունը: Արդյո՞ք բետոնի ամրության սահմանված չափը պահպանվում է: Փաստացի սեյսմակայունությունը գնահատելու համար ցանկացած շենք կառուցելուց հետո պետք է հետազննվի, կազմի անձնագիր, որում կներառվեն այդ տվյալները: Այդ դեպքում միայն հստակ կարող ենք ասել, թե որքանով է այն սեյսմաանվտանգ»,-ասում է Գուրգեն Նամալյանը:
Ինչպես սեյսմակայուն շինարարության թեմային մեր նախորդ անդրադարձը, այնպես էլ այս, բնակարան գնել ցանկացող մարդուն ստիպում են նախքան այդ կարևոր քայլն անելը համոզվել` սեյսմաանվտա՞նգ է արդյոք այն, թե՞ ոչ:
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում